Կորոնավիրուսի ցուցանիշները կայունացման թույլ նշաններ են ցույց տալիս, հոսպիտալացման կարիք ունեցողների խնդիրը գնալով փոքրանում է. Փաշինյան
ՀՀ-ում կորոնավիրուսի ցուցանիշները կրկին կայունացման թույլ և նախնական նախանշաններ են ցույց տալիս: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց. ՛՛Իհարկե, մենք վերջնական չենք կարող արձանագրել, որ մեզ մոտ իրավիճակը կայունացել է, բայց այդպիսի առաջին նախանշանները կան: Այդ կայունացումը տեղի է ունենում բավականին բարձր նշաձողի վրա, բայց ուզում եմ ընդգծել, որ պարետատան, ԱՆ-ի կառավարության գործադրած ջանքերի շնորհիվ այս բարձր նշաձողով կայունացումը դառնում է տանելի մեր առողջապահական համակարգի վրա՛՛:
Փաշինյանի խոսքով՝ հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրն ամեն օրվա հետ ավելի փոքրանում է: ՛՛Եթե մենք կարողանանք պահպանել այս միտումը, կլուծենք հոսպիտալացման հետ կապված խնդիրները և կանցնենք կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման, զրոյացման փուլին: Մեզ համար խնդիրը լուծելու գործիքը մնում է հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանումը՛՛,-նշեց նա:
Վարչապետն ասաց, որ մեր երկրի քաղաքացիների մեծամասնությունը հիմա արդեն կրում է դիմակ ու պահպանում կանոնները, սակայն մենք դեռևս ցանկալի արդյունք չունենք:
՛՛Այսօր 15:00-ի դրությամբ 1800 քաղաքացի է տուգանվել դիմակ կրելու կանոնները չպահպանելու համար: Ես այս թիվը ցավով եմ ասում, քանի որ մեր նպատակը չէ որևէ մեկին տուգանելը, մենք ուզում ենք ուղերձ հղել, որ կանոնների նկատմամբ հսկողությունն ավելի է խստանալու: Սակայն մեր նպատակն է, որ քաղաքացիները կանոնները պահպանեն ոչ թե տուգանվելու վախից, այլ գիտակցմամբ, որ պահպանում են իրենց, իրենց հարազատների և մյուս քաղաքացիների առողջությունը՛՛,-ասաց վարչապետը:



