ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նպատակով կկանոնակարգվեն տեսակցությունները Զինված ուժերում և քրեակատարողական հիմնարկներում

Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նպատակով կկանոնակարգվեն տեսակցությունները Զինված ուժերում և քրեակատարողական հիմնարկներում

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կորոնավիրուսի (COVID-19) հիվանդության տարածման կանխարգելման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ այդմ՝ առաջարկվում է կանոնակարգել ՀՀ Զինված ուժերում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և չտարածման նպատակով զինծառայողների տեսակցությունների, նրանց արձակումների և արձակուրդների տրման գործընթացը: Քրեակատարողական հիմնարկներում նախատեսվում է արգելել տեսակցությունները այն պայմաններում, եթե ազատությունից զրկված անձը և նրան տեսակցող անձը համապատասխան պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն՝ սահմանված դեղաչափերով ամբողջական պատվաստումը չեն ստացել կամ մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում՝ պատվաստվելուց հետո չի լրացել 28 օրը, իսկ մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը ստանալուց հետո չի լրացել 14 օրը: Միաժամանակ, առաջարկվում է սահմանափակումը չտարածել տեսակցող և տեսակցվող՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող անձանց, հղիների, մինչև 18 տարեկան անձանց, ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ունեցող անձանց, նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդացածների, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված իրենց լիազորությունների և գործառույթների իրականացման կապակցությամբ իրավասու անձանց և մարմինների, ներառյալ, բայց չսահմանափակվելով` Մարդու իրավունքների պաշտպանի և նրա իրավասու ներկայացուցչի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների, դիտորդական խմբերի, փաստաբանների կողմից համապատասխան վայրեր կատարվող այցելությունների նկատմամբ:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել նաև Հայաստանում համաճարակային իրավիճակից. «Այսօր մենք արձանագրել ենք 621 դրական դեպք՝ 5838 թեստավորված անձանցից: Ունեցել ենք, ցավոք, 1 մահվան դեպք: Պատվաստումային գործընթացի արդյունքում մենք արդեն իսկ ունենք ամբողջական՝ երկու դեղաչափը ստացած 805550 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 35,7 տոկոսը: Ունենք առաջին դեղաչափը ստացած 987084 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 43,7 տոկոսը: Վերջին շաբաթվա ընթացքում ակտիվացել է նաև խթանիչ դեղաչափերի պատվաստումների ընթացքը: Դրանք իրականացվում են ամբողջական պատվաստումը ստանալուց 6 ամիս հետո»:

Արձագանքելով՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ, ինչպես և կանխատեսվում էր, մոտենում է կորոնավիրուսի հերթական ալիքը. ամենօրյա կտրվածքով նոր դեպքերի թիվը աճում է, և հետևաբար պետք է վերադառնալ համավարակի հետ կապված տագնապային վիճակի:

Անդրադառնալով հնչող քննադատություններին, որոնց համաձայն նոր սահմանափակումները կվնասեն բիզնեսին, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Արձանագրեմ, որ բոլոր այն քննադատությունները, որոնք վերաբերում են մեր սահմանափակումներին, որևէ հիմք չունեն: Մենք առաջիններից ենք աշխարհում, որ հրաժարվել ենք լոքդաունի քաղաքականությունից: Մեր քաղաքականությունը հետևյալն է՝ այնպես կառավարենք, որ ստիպված չլինենք վերադառնալ լոքդաուների, որի արդյունքում բոլոր այդ բիզնեսները փակվեն և այլևս վերականգնվելու որևէ հնարավորություն չունենան: Հետևաբար ուզում եմ արձանագրել, որ այդ նոր սահմանափակումների իրագործմանը տեսչական մարմիններն ամենայն խստությամբ պետք է հետևեն: Խոսքը հանրային վայրեր պատվաստմամբ կամ բացասական պատասխանով թեստով մուտք գործելու մասին է: Ընդ որում, ասեմ, որ պատասխանատվությունը կրում է տնտեսավարողը»:

  • Կիսվել: