երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կոչ ենք անում Արցախում ստեղծել խաղաղապահության համար կայուն երաշխիքներ ՄԱԿ-ի մանդատի ներքո. հայտարարություն

Կոչ ենք անում Արցախում ստեղծել խաղաղապահության համար կայուն երաշխիքներ ՄԱԿ-ի մանդատի ներքո. հայտարարություն

Ադրբեջանը երկարատև՝ 9 ամիս տևող շրջափակումից հետո, օգտվելով Արցախում (Լեռնային Ղարաբաղում) սրված հումանիտար վիճակից, ակնհայտ անտեսելով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ, անցել է էթնիկ զտման իրագործման վերջին փուլին: Այս մասին հայտարարություն է տարածել Ըննդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Սեպտեմբերի 19-ին ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը հրետանու, հարվածային ԱԹՍ-ների, մարտական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծել ու հրթիռակոծել են Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ողջ տարածքը՝ ներառյալ բնակավայրերն ու հանրային նշանակության բոլոր շինությունները, այդ թվում բնակելի շենքերը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանրայնորեն հայտարարել է, որ Արցախում «հակաահաբեկչական գործողություններ» է իրականացնում՝ այդ թվում թիրախավորելով տասնյակ հազարավոր քաղաքացիական անձանց, որոնք կատարյալ շրջափակման պայմաններում, վերջին երեք ամիսներին՝ զրկված էին անգամ հումանիտար օգնությունից։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի փոխանցմամբ սեպտեմբերի 20-ի ժամը 03:00-ի դրությամբ «Ադրբեջանի կողմից իրականացված լիակատար ահաբեկչության հետևանքով» խաղաղ բնակչության շրջանում կա 7 զոհ, այդ թվում՝ 3 կին, 2 երեխա և 2 տղամարդ։ Սեպտեմբերի 19-ի ժամը 21:00-ի դրությամբ, ըստ Ստեփանյանի, եղել է 200 վիրավոր, որոնցից 29-ը՝ քաղաքացիական անձ, այդ թվում առնվազն 8 երեխա։

Արցախի Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջանների 16 քաղաքացիական համայնքներից տարհանվել է ավելի քան 7000 մարդ, ինչը Արցախում (Լեռնային Ղարաբաղում) ըստ էության խաղաղ բնակչության արտաքսում է ակտիվ ռազմական գործողությունների քողի ներքո: Շուշիի շրջանի Եղցահող համայնքը՝ ընդհանուր 150 բնակիչ, հայտնվել է ադրբեջանական կողմի անմիջական թիրախում, ադրբեջանական ԶՈւ-ն ավերել են համայնքի դպրոցը, իսկ բնակիչներին պահել շրջափակման մեջ։ Երկու երեխա է ծնվել նկուղում ու հրետակոծության ներքո։

Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով Ստեփանակերտի Վ. Մամիկոնյան և Մ. Սպարապետ փողոցներում՝ բնակելի տների հարակից տարածքներում, հայտնաբերվել են չպայթած արկեր։

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան, վկայակոչելով 1949 թվականի Ժնևի կենվենցիան և լրացուցիչ արձանագրությունները, 1974 թվականի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Արտակարգ իրավիճակներում և զինված բախումներում կանանց և երեխաների պաշտպանության մասին» հատուկ հռչակագիրը, 1989 թվականի «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, կոչ է անում Միացյալ ազգերի կազմակերպությանը և ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ոգուն հավատարիմ բոլոր պետությունների Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել կասեցնելու համար այս պահին ընթացող Արցախի խաղաղ բնակչության էթնիկ զտումը:

Մենք քաջ գիտակցում ենք, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված բռնության հիմքում ընկած է իշխանության և ուժի ցուցադրությունը, որը ինչպես և բռնության բոլոր դրսևորումների դեպքում փորձում է տարբեր ականջահաճո ձևակերպումներով լռեցնել բռնության ենթարկվածների ձայնը:

Մենք պնդում ենք, որ միջազգայնորեն չճանաչված պետություններում ևս մարդիկ ունեն կյանքի և արժանապատվության իրավունք: Արցախում ապրող երեխաների, կանանց և ամբողջ բնակչության կյանքն ու առողջությունը անմիջական ու իրական սպառնալիքի տակ են։ Նման պայմաններում մարդու կյանքի ու արժանապատվության, ինչպես նաև մյուս իրավունքների պաշտպանությունը չի կարող դառնալ բռնարար կողմի հետ բանակցության առարկա:

Մենք պահանջում են անհապաղ միջամտել և կասեցնել Արցախում ընթացող էթնիկ զտումները, բռնի տեղահանությունը, որի ականատեսն են այնտեղ տեղակայված զինված ուժերը: Վերջիններս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնել են խաղաղապահ առաքելություն:

Արցախի խաղաղ բնակչության, կանանց ու երեխաների իրավունքների լիարժեք պաշտպանության, անվտանգության ապահովվման համար պահանջում ենք բռնության դիմած կողմին տալ հստակ գնահատական և անցնել գործուն քայլերի:

Արցախի բնակչության նկատմամբ կիրառված համակարգված բռնությունը կասեցնելու համար կոչ ենք անում ստեղծել խաղաղապահության համար կայուն երաշխիքներ ՄԱԿ-ի մանդատի ներքո:

  • Կիսվել: