Կներեք, բայց ես չգիտեմ, թե ՀԾՀ-ն ինչ է. Փաշինյան
Երեկ ես մի քանի ժամ հատկացրի անձամբ կարդալու իմ ֆեյսբուքյան էջին ուղղված քաղաքացիների նամակները, և ես կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ ունենք մի քանի խումբ խնդիրներ։ Այս մասին գործադիրի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջինն այն է՝ մեծ թվով մարդիկ տեղյակ չեն, որ իրենք հանդիսանում են այս կամ այն ծրագրի շահառու: Սա ազդակ է, որ մենք ԶԼՄ-ների միջոցով, սոցիալական ցանցերով, բավարար չափով չենք լուսաբանում, թե որ միջոցառումը կոնկրետ որ խմբին է վերաբերվում և ինչ պետք է անի քաղաքացին այդ աջակցությունից օգտվելու համար», - նշեց վարչապետը։
Նա կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվական» ՊՈԱԿ-ին հանձնարարեց շատ ակտիվորեն լուսաբանել բոլոր ծրագրերը:
«Լուսաբանումն այն է, որ բոլոր շահառուները դրանից տեղյակ են, և հստակ ասվում է, թե քաղաքացին որտեղ է, որ պետք է անի գործողություն ծրագրից օգտվելու համար և որտեղ է, որ չպետք է անի որևէ գործողություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ բոլոր ծրագրերը ամենօրյա ռեժիմով պետք է լուսաբանվեն, պետք է կոնկրետ օրինակներով ներկայացնեն։
Վարչապետի խոսքով՝ երեկ ինքը տասնյակ մարդկանց հղումներ է ուղարկել և օգնել, որ օգտվեն ծրագրերից։
Նա նաև շեշտեց, որ ծրագրային մոդուլները միշտ չէ, որ անխափան են գործում:
«Պետք է հասկանալ, որ երբ հատկապես նման ծանր սոցիալական վիճակում մենք ծրագրեր ենք ձեռնարկում, ապա հարյուր հազարավոր մարդիկ դիմումներ են հղելու: Այս հանգամանքը պետք է հաշվի առնել, որպեսզի մեր տեղեկատվական տոխնոլոգիաների մասնագետները այնպես կառուցեն համակարգերը, որ դրանք չխափանվեն», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ համակարգերից մեկը ստեղծվել է չորս օրում և ապրիլի 14-ին գործարկվելուց հետո 40 ժամվա ընթացքում ընդունել է 264 801 հազար դիմում, այսինքն՝ րոպեում 110 դիմում: Դրանիցից 70 874 դիմումը հաջողությամբ ընդունվել, իսկ մնացածի մասով թերի լրացման պատճառով խնդիրներ են եղել։
Նա նաև ասաց, որ մարդիկ երբեմն չգիտեն, թե ինչպես պետք է լրացնեն դիմումները, որպեսզի հայտ ներկայացնեն կառավարության ընդունած միջոցառումներին, թեև ուղեցույց է մշակվել ու հրապարակվեն:
«SMS-ի միջոցով գալիս է կոդը և իրենք պետք է լրացնեն: Այստեղ նաև տարբեր բազաների հետ համեմատելու խնդիր կա: Հիմա վերլուծում ենք մերժված դիմումները: Ինչպես արդեն նշեցի, դրանք ոչ ճիշտ լրացնելու հետևանք են: Մենք բոլոր տեղեկատվական հարթակներն օգտագործում ենք, հեռախոսակապով աջակցում ենք մարդկանց, իսկ այսօր նաև լրացուցիչ խումբ ենք ձևավորելու, որը կօգնի մարդկանց հասկանալ, թե ինչպես պետք է լրացնել: Կան օրինակ քաղաքացիներ, որոնք չգիտեն, թե ինչ է ՀԾՀ-ն, սոցիալական քարտը և այլն»,- ասաց Բաթոյանը։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Դա նշանակում է, որ մեր լրատվական համակարգը լավ չի աշխատում։ Կներեք, բայց ես չգիտեմ, թե ՀԾՀ-ն ինչ է: Մի հատ ասեք՝ ՀԾՀ-ն ի՞նչ է: Եթե մենք միջոցառում ենք անում, որտեղ ՀԾՀ-ի սկզբունքային իմանալը կարևոր է, պետք է մարդկանց ասել, թե դա ինչ է»:
«Դա արել ենք, պարոն վարչապետ։ Մենք ուղեցույցը մշակել ենք, տարածել ենք առանձին հրապարակումներ, թե ինչ է ՀԾՀ-ն»,- նշեց Զ. Բաթոյանը։
Փաշինյանն ընդհատեց նրան՝ ասելով, որ եթե շահառուն չգիտի, ուրեմն կառավարությունը չի արել այնպես, որ քաղաքացին իմանա այդ մասին։
«Երբ ասում ենք, որ հոլովակ ենք արել, դրել ենք ֆեյսբուքյան էջում, 7300 հոգի էլ նայել են, 125 հատ էլ լայք ունի, բայց մեր գործը դա չի։ Մեր գործն այն է, որ մարդուն անհրաժեշտ տեղեկատվությունը հասնի, անհրաժեշտ գումարը, աջակցությունը հասնի մարդուն։ Մենք միջոցառումները ընդունել ենք, ասել ենք, քաղաքացի, ձեզ էս, էս պարագաններում օգնում ենք, բայց մենք այսօր խնդիր ունենք էդ օգնությունը ժամանակին ու արդյունավետ կերպով տեղ հասցնելու գործում։ Հետևաբար, բոլոր ուժերը պետք է կենտրոնացնել՝ տեղեկատվական, տեխնոլգիական, սոցիալական ապահովության, որպեսզի աջակցությունը րոպե առաջ հասնի քաղաքացուն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։



