շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կհստակեցվի քրեակատարողական ծառայողների վերապատրաստման կարգը

Կհստակեցվի քրեակատարողական ծառայողների վերապատրաստման կարգը

Քրեակատարողական ծառայողների վերապատրաստումներն այժմ իրականացվում են «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Սակայն, գործնականում դա այնքան էլ կիրառելի չէ, քանի որ 2081 հանրային ծառայության մեջ գտնվող քրեակատարողական ծառայողներից 1939-ն ընդգրկված չեն  քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում: Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ հավելելով, վերջիններիս մասով կար վերապատրաստման իրականացման խնդիր: «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում Կառավարության առաջարկած փոփոխություններն առաջին ընթերցմամբ քննարկվել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում և ստացել դրական եզրակացություն:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը մանրամասնել է կարգավորումներն ու փաստել, որ քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող անձանց վերապատրաստման կարգը կսահմանվի երկու եղանակով:  Առաջին տարբերակով անհատական վերապատրաստման կարիքի գնահատման հենքով կլինեն վերապատրաստումներ, իսկ երկրորդ տարբերակով նախատեսվում  է ոչ ուշ, քան երեք տարին մեկ անգամ իրականացնել ընթացիկ վերապատրաստումներ: Նախագծով հստակեցվել է վերապատրաստման կարգը, դրա սահմանումը վերապահվել է ոլորտը համակարգող արդարադատության նախարարին:

Գործադիրը քննարկման է ներկայացրել նաև «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Ակնկալվում է օրենսդրությունը համապատասխանեցնել Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերին և վերացնել դրանցում առկա բացթողումները:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկվում է նախատեսել քրեական վարույթի շրջանակում գրավը պետական եկամուտ դարձնելու ամբողջական կառուցակարգը: Ի տարբերություն գործող օրենսգրքի՝ նոր օրենսգիրքը նախատեսում է գրավը պետական եկամուտ դարձնելու ընթացակարգ երկու սուբյեկտի՝ դատախազի և դատարանի կողմից, եթե դատական վարույթում է գործը: Հետաքննություն իրականացնող մարմինների գործունեությանը վերաբերող օրենքներում կատարվել են փոփոխություններ. նրանց վերապահվել է միայն Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված միջոցառումների իրականացումը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսուհետ վարույթը կարգավորվելու է միայն Քրեական դատավարության օրենսգրքով, այլ օրենքներից հանվել են բոլոր վարույթային կանոնակարգումները: Պետք է լինի վարույթին առնչվող բոլոր հարցերը կարգավորող մեկ միասնական օրենք:

Կատարվել են նաև տեխնիկական բնույթի մի շարք առաջարկներ:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընդգծել է, որ մոտ երկու տարի է՝ իր գլխավորած հանձնաժողովը և արդարադատության նախարարությունը աշխատել են այս նախագծերի փաթեթի վրա: Փոփոխությունները մանրամասն քննարկվել են նաև աշխատանքային քննարկումների ընթացքում:

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

  • Կիսվել: