երեքշաբթի, օգոստոս 4
4 / 8 / 2026
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ

Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ

 Կիրանցի բնակիչ Ռուդիկ Ավալյանը առավոտյան բռնի ուժով բերման ենթարկվածներից մեկն է, ով քիչ առաջ պատմեց, որ իրեն 10-ից ավել բերետավորներ խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա, սակայն ինքը դիմադրություն ցույց չի տվել:

Արդյունքում նա մարմնի տարբեր հատվածներում վնասվածքներ է ստացել:

«Մեզ ասացին գնում ենք ականները հանենք, մենք էլ ասինք` էդ ականները որ հանում եք, ադրբեջանցին գալու ա մեր տուն մտնի: Ասինք մենք մեր տների սեփականության վկայականներն ունենք»,-պատմում է Ռուդիկ Ավալյանը:

Նա բառեր չի գտնում բացատրելու, թե ինչպես է տեղի ունեցել այդ ամենը, չափից դուրս արագ են գործողությունները զարգացել, սակայն նշում է, որ գյուղացիները ուժ չեն կիրառել:

«Չեմ հասկանում` մեզ ինչի՞ էին բերել ոստիկանություն` էն էլ էդ ձևով: Մենք մեր հողում, ջրում էինք: Անզեն մարդուն 10 հոգով խփելով, գոռալով բերման են ենթարկում»,-ասում է Ռուդիկ Ավալյանը` նշելով, որ մինչև հիմա շոկի մեջ է տեղի ունեցածից:

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանության մեծ ուժեր են ժամանել Կիրաց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել ճանապարհը փակած բնակիչներին, այդ թվում անչափահասների: Ականատեսները պատմում են, որ մարդկանց ծեծելով են բերման ենթարկել: Ոստիկանության բաժանմունքի մոտ է նաեւ Բագրատ Սրբազանը:

ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՊՆ-ն ականազերծման աշխատանքներ է իրականացնում Կիրանց-Խեյրիմլի հատվածում, դրա համար ճանապարհները փակվել են: Թույլ չեն տալիս գյուղ մտնել նաեւ լրագրողներին:

Գյուղապետ Կամո Շահինյանի խոսքով, նրանք հերթապահություն էին իրականացնում, որպեսզի թույլ չտան ականազերծման աշխատանքներ իրականացնել:

Տեսանյութն՝ այստեղ 

  • Կիսվել: