շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խոսրովի անմատչելի տեղանքի հրդեհաշիջման համար փրկարարները տեղափոխել են ահռելի քանակությամբ ջուր

Խոսրովի անմատչելի տեղանքի հրդեհաշիջման համար փրկարարները տեղափոխել են ահռելի քանակությամբ ջուր

Հունիսի 19-ին, ժամը 05։30-ին վերսկսվել են Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյուսուս» տանող հատվածի հրդեհաշիջման աշխատանքները։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայրում են գտնվում 86 փրկարար ծառայող, արգելոցի 16 աշխատակից, ինչպես նաև՝ 3 հիմնական, 1 ամենագնաց, 1 կապի համար նախատեսված հատուկ և 6 փրկարարական ավտոմեքենաներ։

Հրդեհի վայրում պարբերաբար իրականացվում է օդային հետախուզություն արգելոցի անօդաչու թռչող սարքի միջոցով։

Պարզվել է, որ այրվում է մոտ 5 հա խոտածածկույթ, կա մեկ ծխացող օջախ, որի վրա աշխատում են 34 փրկարար ծառայող և անտառտնտեսության 6 աշխատակից։

Հրշեջ-փրկարարական մեքենաների համար անմատչելի տեղանքում հրդեհաշիջում իրականացնելու համար  փրկարարները մոտ 2 կմ տեղափոխել են հրդեհաշիջման պարագաներ, գործիքներ և ահռելի քանակությամբ ջուր։

Դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Ա․ Գրիգորյանը, Փրկարարական ուժերի վարչության պետ փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը, Ծառայության կազմակերպման վարչության պետ փ/ծ գնդապետ Տ․ Ավագյանը և Արարատի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Վ․ Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյուսուս» տանող հատվածից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական չորս ջոկատ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Ծառայության կազմակերպման վարչության օպերատիվ խմբերը։

Տեղազննման աշխատանքների իրականացման նպատակով օդ է բարձրացվել անօդաչու թռչող սարք, դեպքի վայր է մեկնել նաև ուղղաթիռ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 15 հա խոտածածկույթ։

Ժամը 21:25-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։

Դեպքի վայրում են գտնվել ընդհանուր թվով 60 փրկարար ծառայող, ան­տառտնտեսության 40 աշխատակից, վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի 4 աշխատակից և Ուրցաձոր գյուղից 10 կամավոր:

 

  • Կիսվել: