Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Volkswagen»-ը․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կան 1 զոհ, 3 վիրավոր
Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել են «Opel» մակնիշի և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։
Վիրավորներից առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխվելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի և դասակի հրամանատար Սուրիկ Բարսեղյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վարդան Կարապետյանը և Ավետիս Խաչատրյանը։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը։
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունները:


