երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Խոշոր հրդեհ Երևանում. 5 հարկանի բնակելի շենքի տանիքին առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից

Խոշոր հրդեհ Երևանում. 5 հարկանի բնակելի շենքի տանիքին առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նիկողայոս Տիգրանյան փողոցում գտնվող 5-հարկանի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկ և ավտոսանդուղք:

Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության «1 ԲԻՍ» աստիճան:

Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության պետ Կիրակոսյանն ու Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների կատարման կենտրոնի պետ Հակոբյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ», Երևանի ԳԳՄ-ի ու Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացուցիչները:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արման Մրտիրոսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել են և մի քանի ավտոմեքենաներ քարշակով հեռացրել են նույն վաշտի պարեկներ Հայկ Միքայլեյանը, Ռաֆիկ Աթոյանը, Նարեկ Սարգսյանն ու Մերի Վառյանը, որպեսզի հրշեջների համար խոչընդոտներ չառաջանան: 

Օպերատիվորեն ժամանել է նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:54-ին, մարվել 04:53-ին:

Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 750 քառակուսի մետր: Հրդեհն էլ բռնկվել է Նիկողայոս Տիգրանյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող՝ չբնակեցված շինության տանիքում՝ մոտ 1000 քառակուսի մետր հատվածում: 

  • Կիսվել: