Խոշոր համալիր կոմպլեքսների շինթույլտվությունները տալիս ենք միայն ճարտարապետական խորհրդի հաստատմամբ. Ավինյան
Վերջին երեք տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է ահռելի մասշտաբի չերևացող ենթակառուցվածքների կառուցում ամբողջ քաղաքում՝ լինի ջուր, լինի գազ, լինի էլեկտրականություն, թե լինի ինտերնետ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23–ին, կառավարության նիստում հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով նրան, որ Երևանում լուրջ խնդիր է ջրամատակարարումն ու ջրահեռացումը, այդ թվում նաև նորակառույցների աճով պայմանավորված։
«Դա արել ենք մենք, իհարկե մեր գործընկերների՝ կառուցապատողների միության, Գազպրոմի, էլեկտրացանցերի, «Վեոլիա ջրի» և մնացյալ բոլոր գործընկերների ներգրավմամբ։ Եվ եթե խոսվում է Երևանի քաղաքապետարանի որևէ մեղավորության մասին, պետք է արձանագրենք, որ Երևանի քաղաքապետարանը Խորհրդային Միության տարիներից հետո երևի թե ամենամասշտաբային ծրագիրն է իրականացրել ենթակառուցվածքների ավելացման մասով։
Երկրորդը, Երևանի քաղաքապետարանը այսօր շինթույլտվությունները, նամանավանդ խոշոր համալիր կոմպլեքսների, տալիս է մի ձևով՝ ճարտարապետական խորհրդի հաստատմամբ: Հինգ ճարտարապետներ են, իրենց ոլորտի մասնագետներ, ամեն վեց ամիսը մեկ ճարտարապետներից մեկը փոխարինվում է մեկ այլ ճարտարապետով: Որ դեպքում ճարտարապետական խորհուրդը իր մասնագետական ուսումնասիրության արդյունքում տալիս է դրական եզրակացություն, դա նշանակում է դրական եզրակացություն, որ դեպքում չի տալիս, դա նշանակում է բացասական եզրակացություն, և մենք դա չենք տալիս։
Ասեմ ավելին, Երևանի քաղաքապետարանը վերջին երկու տարվա ընթացքում ներմուծել է տուրքեր ճարտարապետահատակագծային առաջադրանքների համար։ Նախկինում նախ կոռուպցիոն շատ մեծ ռիսկեր էր պարունակում ուղղակի այդ թույլտվությունների տալը։ Նախորդ տարի միայն 24 միլիարդ դրամ գումար է հավաքել Երևանի քաղաքապետարանը։ Դրանից առաջ 2021 թվականին, 2020 թվականին, 2022 թվականին այդ տողով հավաքվում էր զրո դրամ»,– ընդգծեց նա։



