Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. Range Rover-ը Նորաշենից Վ. Խոտանան ճանապարհին, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է ձորում
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Նորաշենից Վերին Խոտանան ավտոճանապարհին Range Rover մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր՝ մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն ժամանած Կապանի շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնություն են ստացել, սակայն հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի, գումարտակի ծառայության տեսուչ Դավիթ Մանուկյանի և վաշտի հրամանատար Ազատ Թադևոսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Մայիս Ծովյանն ու Արտակ Քերոբյանը։
Վթարի փաստով ՊԾ Սյունիքի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և բժիշկների կողմից բուժօգնություն ստացածների ինքնությունը։