շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են Chevrolet Volt-ը, Opel-ն ու Howo բեռնատարը. կա 7 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են Chevrolet Volt-ը, Opel-ն ու Howo բեռնատարը. կա 7 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ

Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, բախվել են Chevrolet Volt, Opel մակնիշի մեքենաները և Howo մակնիշի բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնց մեջ կան նաև երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը «Աբովյան» բժշկական կենտրոն, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Հակոբ Սեկոյանը, պարեկ Սևակ Մկրտչյանն ու կրտսեր պարեկ Գևորգ Մինասյանը: 

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբարել:

Օպերատիվորեն ժամանել են նաև նույն գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել են և հետաքրքրասեր վարորդներին դեպքի վայրից հեռացրել են պարեկ Վահան Թորոսյանն ու կրտսեր պարեկ Գևորգ Հակոբյանը:

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային  քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

  • Կիսվել: