ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 23-ամյա վարորդը Toyota Camry-ով «Ջրահարս» հանգստյան գոտու մոտ գլխիվայր շրջվել է. կա վիրավոր

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 23-ամյա վարորդը Toyota Camry-ով «Ջրահարս» հանգստյան գոտու մոտ գլխիվայր շրջվել է. կա վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 21:50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Պատվական Ղ.-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում՝ «Ջրահարս» հանգստյան գոտու հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարին և գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Պատվական Ղ.-ն տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սևանի ջրափրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ջրափրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ  Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը:

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

  • Կիսվել: