«Եռաբլուր» զինվորական պանթեոնի կամարի մոտ աղբատար ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 07:30-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ» մակնիշի աղբատար ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, «Եռաբլուր» զինվորական պանթեոնի կամարի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, և սահմանազատել տարածքը:
Արտաքին լուսավորման սյանը բախվելու հետևանքով սյունը մասամբ թեքվել է և ինչ-որ դետալ վնասել է նշված վայրով ընթացող Nissan Tida մակնիշի ավտոմեքենայի դիմապակին:
ՕպԵրատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գառնիկ Աղաբաբյանն ու Կարապետ Գևորգյանը:Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի և «Երքաղլույս» ՓԲ-ի աշխատակիցները: