շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Ուրցալանջ գյուղում բախվել են Toyota-ն ու Nissan-ը. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Ուրցալանջ գյուղում բախվել են Toyota-ն ու Nissan-ը. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Ուրցալանջ գյուղի վարչական տարածքում բախվել են Nissan ու Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակի եզրին:

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և Ոստիկանության Արարատի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Անտոնյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի տեղակալ Մուրադյանի և Վեդիի քննչական բաժնի պետի գլխավորությամբ: 

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 


  • Կիսվել: