երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծերը

Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծերը

Ազգային ժողովը նոյեմբերի 16-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ քվեարկություններով ընդունել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

««Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելով՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտնել է, որ առաջարկվող փոփոխությունների ընդունման արդյունքում եկամտային ցածր հնարավորություն, ինչպես նաեւ հեռավոր, բարձրադիր լեռնային, բնակչության որոշակի սեռատարիքային կազմ ունեցող համայնքները գործակիցների շնորհիվ հնարավորություն կունենան ստանալու ավելի շատ դոտացիաներ: Նախագծով մինչեւ 3500 բնակիչ ունեցող  համայնքներին դոտացիոն ֆոնդից նախատեսվում է տրամադրել  50-ական մլն դրամ, իսկ համայնքների սահմանամերձ բնակավայրերից   յուրաքանչյուրին՝ լրացուցիչ 5 մլն դրամ: Փոխնախարարի խոսքով 50-ական մլն ստանալու են ութ համայնքներ, որոնք հիմնականում բնակեցված են ազգային փոքրամասնություններով:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Դավիթ Դանիելյանը:

Վաչե Տերտերյանը ներկայացրել է նաեւ ««Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է եւս 3 տարով երկարաձգել գործող օրենքի ժամկետը, ինչը հնարավորություն կտա սոցիալական աջակցություն ստացող համայնքների ցանկում ընդգրկված բնակավայրերի բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի փոխհատուցում ստանալ մինչեւ 2027 թվականը: Վերոնշյալ բնակավայրերի բնակիչները կշարունակեն օգտվել նաեւ Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ սահմանված այլ փոխհատուցման ծրագրերից:

Դավիթ Դանիելյանը ներկայացրել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Գործող օրենսդրությամբ պահանջ կա, որ բոլոր բուժաշխատողներն աշխատանքի իրավունք ստանալու համար ունենան շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր: Ներկայացված նախաձեռնությամբ առաջարկվում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու նպատակով ավագ եւ միջին բուժաշխատողների համար ՇՄԶ հավաստագիր ունենալու պահանջը չտարածել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված միջին եւ ավագ բուժաշխատողների վրա՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը:

«Այդ ժամանակահատվածում մենք հնարավորություն կունենանք օգնելու մեր հայրենակիցներին հավաքագրելու իրենց կրեդիտները եւ ստանալու հավաստագիր»,- նշել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում առաջարկվող լրացումը:

Փոխնախարարի տեղեկացմամբ այս պահին 678 բուժաշխատող ուղեգրվել է վերապատրաստումների, 96 բուժաշխատող արդեն հավաստագրվել է:

Նշվել է, որ պետությունն իրականացնում է աշխատանքի տեղավորման աշխատանքներ, քարտեզագրել է մարզերում բոլոր թափուր աշխատատեղերը եւ հայրենակիցներին առաջարկում է լրացնել դրանք՝ վեցամսյա կտրվածքով հավելյալ լրավճար ստանալու պայմանով:

Գլխադասային՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Հունանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Պատգամավորի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ չեն եղել:

«Պաշտպանության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Նա նշել է, որ փոփոխությունը պայմանավորված է Ներքին գործերի նախարարության ձեւավորմամբ: Նախաձեռնությամբ Ոստիկանության գործառույթների իրականացումը վերապահվում է ՆԳ նախարարությանը:

 Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը:

««Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ հերթական նիստում:

ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշել է, որ առաջին ընթերցման ժամանակահատվածում այն մանրամասն քննարկվել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: Առաջինից երկրորդ ընթերցում փոփոխություններ տեղի չեն ունեցել:

Նախագծի հարակից զեկուցումը ներկայացրել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը: Խորհրդարանականը հայտնել է, որ երկար բանավեճերից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնաժողովում նախագծերի հետ կապված քննարկում նախաձեռնել, որի կմասնակցի նաեւ խորհրդարանական ընդդիմությունը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության կողմից ներկայացրած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՊԵԿ փոխնախագահ Կարեն Թամազյանը:

Զեկուցողը հայտնել է, որ առաջինից երկրորդ ընթերցում փոփոխություններ տեղի չեն ունեցել:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացրել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը: Պատգամավորը նշել է, որ նախագիծը դրական եզրակացություն է ստացել քննարկման արդյունքում:

Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:

  • Կիսվել: