կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Խորհրդարանը քննարկեց առողջապահության որակի բարելավման համար վարկային համաձայնագրով 45,3 մլն եվրոյի վարկ ներգրավելու նախագիծը

Խորհրդարանը քննարկեց առողջապահության որակի բարելավման համար վարկային համաձայնագրով 45,3 մլն եվրոյի վարկ ներգրավելու նախագիծը

Ազգային ժողովում քննարկվեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը, համաձայն որի՝ նախատեսվում է բժշկական համակարգի ծառայությունների որակի ապահովման հիմքեր ստեղծել և այդ նպատակի իրականացման համար 45,3 մլն եվրո արժողությամբ վարկ ներգրավել: «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծն Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 8-ի նիստին ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:

«Այս վարկն արդյունքահենք է, այսինքն՝ սահմանված են որոշակի ցուցանիշներ, թիրախներ յուրաքանչյուր տարվա համար, և եթե հասնենք յուրաքանչյուր թիրախին, և դա վալիդացիա, վերիֆիկացիա անցնի, որ, այո՛, Կառավարությունը տվյալ միջոցառումն իրականացրել է և տվյալ թիրախին հասել է, ապա նոր մասհանում կիրականացնի այդ գումարից»,- ասաց նա:

Ներգրավվող գումարով նախատեսվում է իրականացնել առողջապահական հաստատությունների կառուցում, ոլորտի մարդկային կապիտալի զարգացում, հաշվետվողականության թվայնացում, լիցենզավորման կարգավորում և լրամշակում, էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառման բարելավում, հեռաբժշկության պիլոտային ծրագիր, որը նախատեսում է հասանելի ծառայություններ հեռավոր բնակավայրերի համար։

«Վարկի արժույթը եվրոյով է, վարկի տոկոսադրույքի տեսակը լողացող է: Վարկը սպասարկում է տարին երկու անգամ՝ հունիսի 15 և դեկտեմբերի 15, վարկի ժամկետը 18 տարի է, վարկի արտոնյակ ժամկետը՝ 7 տարի, իսկ մարման ժամկետը՝ 11 տարի: Մասհանման վերջնաժամկետը 2028 թվականի դեկտեմբերի 31-ն է, և նախատեսվում է, որ ծրագիրն այդ ժամկետում պետք է ավարտվի»,- ասաց նա: 

  • Կիսվել: