ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Խորհրդակցություն Շրջակա միջավայրի նախարարությունում՝ համապետական ծառատունկին ընդառաջ

Խորհրդակցություն Շրջակա միջավայրի նախարարությունում՝ համապետական ծառատունկին ընդառաջ

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ մարզպետների, մարզպետարանների ներկայացուցիչների և Երևանի փոխքաղաքապետերի հետ խորհրդակցություն-քննարկում է անցկացվել, որին մասնակցել են նաև Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը։
 
Քննարկվել են Երևան քաղաքում և մարզերում համապետական ծառատունկը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ մի շարք օրակարգային հարցեր, գույքագրվել են բոլոր այն տարածքները, որտեղ կիրականացվի ծառատունկ, քննարկվել են մարդկային և տեխնիկական ռեսուրսի հավասարաչափ բաշխմանը վերաբերող հարցեր։
 
Ողջունելով ներկաներին՝ նախարարը նախ ներկայացրել է «10 մլն ծառ» նախաձեռնության ընթացիկ իրավիճակը, ապա անդրադարձել այդ նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ին նախատեսված համապետական ծառատունկին, հորդորել գործընկերներին անել հնարավորը՝ ծառատունկի աշխատանքներն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար։
Համապետական ծառատունկի ընթացքում նախատեսվում է․
 
100.000 տնկի, այդ թվում՝ վայրի խնձորենի, տանձենի և ընկուզենի հատկացնել Երևանի քաղաքապետարանին և հանրապետության խոշոր քաղաքներին ու համայնքներին՝ պուրակներում ու զբոսայգիներում ծառատունկ իրականացնելու համար,
 
200.000 տնկի տրամադրել մարզպետարաններին՝ տեղական ինքնակառավարման մարմինների և պետական գերատեսչությունների հետ համատեղ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնկարկներում նախանշված տարծքներում տնկելու համար։
Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա․ Պետրոսյանը ներկայացրեց նախատեսված տնկանյութի բաշխումն ըստ մարզերի․
 
Երևան - 25.000
Արագածոտնի մարզ - 7000,
Արարտի մարզ - 7000,
Արմավիրի մարզ - 6000,
Գեղարքունիքի մարզ - 8000,
Կոտայքի մարզ - 10.000,
Լոռու մարզ - 7000,
Շիրակի մարզ - 10.000,
Սյունիքի մարզ - 7000,
Տավուշի մարզ - 6000,
Վայոց ձորի մարզ - 7000։
 
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը ներկայացրել է տնկվող ծառատեսակները՝ կաղնի, հացենի, թխկի, ընկուզենի, խնձորենի և տնկման համար նախատեսված տարածքներն ըստ հեկտարների։ Նա տեղեկացրել է, որ ՊՈԱԿ-ի մասնագետնները պատրաստ են օժանդակել տնկման աշխատանքների վերաբերյալ խորհրդատվությամբ։
 
Քննարկվել են նաև տնկված ծառերի հետագա խնամքին վերաբերող հարցեր։
Նախարարը խնդրել է գործընկերներին պատշաճ իրազեկել հանրությանը՝ ծառատունկի անցկացման վայրերի և մասնակցելու եղանակների մասին՝ տրամադրելով համայնքային և անտառային տունկի համակարգողների կոնտակտները։
 
Հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք ցանկություն կհայտնեն մասնակցել համապետական ծառատունկին, կարող են դիմել Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե՝ էլ հասցե՝ [email protected], հեռ․՝ (010) 65 17 38 կամ զանգահարել Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմ 098 888283 հեռախոսահամարով։

  • Կիսվել: