կիրակի, հուլիս 3
3 / 7 / 2022
ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ մեկնարկել է «Դպրոցական Մատենադարան» կրթական ծրագիրը

ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ մեկնարկել է «Դպրոցական Մատենադարան» կրթական ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի աջակցությամբ Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում մեկնարկել է «Դպրոցական Մատենադարան» կրթական ծրագիրը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ «Դպրոցական Մատենադարան» պիլոտային կրթական ծրագիրը շրջիկ ցուցահանդես-միջոցառում է՝ նախատեսված Տավուշի մարզի 4-6-րդ, 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների համար:

Ծրագիրը կազմված է երեք մասից՝ տեսական հատված, ծանոթություն ցուցադրությանը, գործնական հատված։

Տեսական հատվածում տարիքային խմբին համապատասխան նորովի մշակված շարադրանքի հիման վրա ամփոփ տեղեկություն է տրվում Մատենադարանի ստեղծման և կազմավորման պատմության, ինչպես նաև մշտական ցուցադրության մասին։

Տեղեկությունը մատուցվում է նկարների, տեսանյութերի, օժանդակ նյութերի միջոցով։ Տեսական հատվածն ամփոփվում է համատեղ քննարկմամբ, որից հետո աշակերտները ծանոթանում են շրջիկ ցուցադրությանը։

Շրջիկ ցուցադրությունը պատկերավոր ներկայացնում է ձեռագրերի ընդօրինակման, նկարազարդման և վերականգնման արվեստը: Ներկայացվում է ձեռագրի ստեղծումը՝ ըստ աշխատանքային հերթականության (եղեգնյա գրիչ, տողաշար, պնակիտ տախտակ, գրանյութ, կապտալ և այլն), իսկ մյուս մասում՝ ձեռագրերի վերականգնման արվեստը։ Ցուցադրությունն ուսումնասիրելուց հետո աշակերտները մասնակցում են գործնական առաջադրանքներին, որոնց ընթացքում ծանոթանում են ձեռագրերի վերականգնման արվեստին, ապա վերականգնման բաժնի մասնագետի հետ վերականգնում են իրենց հետ բերած գրքերը։

Ծրագրի շրջանակում մարզաբնակ մի շարք դպրոցականներ արդեն հասցրել են ծանոթանալ Մատենադարանի պատմությանը, ձեռագիր ժառանգությանը, ինչպես նաև մշտական ցուցադրությանը։

Կրթական ծրագիրը շարունակական է:

  • Կիսվել: