երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԿԳՄՍ փոխնախարարը շնորհավորել է Երևանի թիվ 54 դպրոցի աշակերտներին և մանկավարժներին Գիտելիքի օրվա առթիվ

ԿԳՄՍ փոխնախարարը շնորհավորել է Երևանի թիվ 54 դպրոցի աշակերտներին և մանկավարժներին Գիտելիքի օրվա առթիվ

Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոց: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Փոխնախարարը շնորհավորել է սովորողներին և մանկավարժներին՝ տոնը համարելով խորհրդանշական, որը ևս մեկ անգամ արժևորում է կրթության դերը. «Կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է ձևավորելու ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, Հայաստանի Հանրապետության զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ: Այն յուրաքանչյուրին կյանքի բոլոր փուլերում հնարավորություն է տալու ստանալ իր կարիքներին և ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն՝ անկախ բնակության վայրից ու սոցիալական կարգավիճակից: Մեր երկրում կրթության զարգացման տեսլականը կառուցված է այն դիրքորոշմամբ, որ յուրաքանչյուրն օժտված է որոշակի տաղանդով, և կրթության համակարգի առաքելությունն է բացահայտել յուրաքանչյուր սովորողի տաղանդները և հնարավորինս զարգացնել  դրանք՝ ուղղորդելով դեպի պետության ամրապնդումը և տնտեսության զարգացումը»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն առանձնակի շնորհակալություն է հայտնել նաև մանկավարժներին անգնահատելի աշխատանքի համար: «Դուք իսկական նվիրյալներ եք, որ ջանք ու եռանդ չխնայելով՝ կրթում և դաստիարակում եք սերունդներ։ Ձեր շնորհիվ յուրաքանչյուր երեխայի ձեռք բերած գիտելիքները, հմտությունները, արժեքներն ու վերաբերմունքը կարևոր ներդրում են մեր պետության զարգացման գործում»,-նշել է փոխնախարարը՝ նոր ուսումնական տարում մաղթելով կրթական բազում հաջողություններ:

Գիտելիքի օրվա կապակցությամբ աշակերտներին և մանկավարժներին շնորհավորել է նաև Երևանի թիվ 54 ավագ դպրոցի տնօրեն Մարտիրոս Վարդանյանը. «Կրթությունն ամենաթանկ բանն է, և պետությունն այն տրամադրում է անվճար՝ մեզնից ակնկալելով պատասխանատվություն, գիտելիք և առաջադիմություն, ինչին մենք այս տարի ևս կհասնենք համառ և միասնական ջանքերի շնորհիվ»:

Նշենք, որ այս ուսումնական տարում դպրոցի 10-րդ դասարան ընդունվել  է 130 աշակերտ: Ընդհանուր առմամբ՝ դպրոց հաճախում է շուրջ 400 աշակերտ: Դպրոցն ընդգրկված է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում, և 2025 թվականին կունենա կառուցված նոր մասնաշենք:

  • Կիսվել: