հինգշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2022
ԿԳՄՍ փոխնախարարը Փարիզում մասնակցում է Կրթության փոխակերպման գագաթնաժողովի  նախապատրաստական համաժողովին

ԿԳՄՍ փոխնախարարը Փարիզում մասնակցում է Կրթության փոխակերպման գագաթնաժողովի նախապատրաստական համաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հունիսի 28-29-ը Փարիզում մասնակցում է Կրթության փոխակերպման գագաթնաժողովի (Transforming Education Summit) նախապատրաստական համաժողովին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ անցկացվող համաժողովին մասնակցում են տարբեր երկրներից կրթության ոլորտի ղեկավարներ:

Կրթության պատասխանատուները քննարկելու են գլոբալ հանձնառությունները, ներկայացվելու են ազգային խորհրդատ­վությունների նախնական արդյունքները:

Նախատեսված են նաև պանելային քննարկումներ, որոնց ընթացքում, առանցքային հարցերի շուրջ թեմատիկ քննարկումներից բացի, պատվիրակները 2030 թ. կայուն զարգացման օրակարգի շրջանակում ներկայացնելու են կրթության զարգացման լավագույն փորձը։ Թեմա­տիկ քննարկումները ծավալվելու են ներառա­կան, արդար, անվտանգ և առողջ դպրոցների, ուսուցիչների, մասնագիտական ուսուցման, աշխատանքի և կայուն զարգաց­ման հմտությունների, թվային ուսումնառության, կրթության ֆինանսավորման խնդիրների շուրջ:

Քննարկման արդյունքները կներկայացվեն ընթացիկ տարվա սեպտեմբերին կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։ Գագաթնաժողովին ընդա­ռաջ, կրթության փոխակերպման ազգային հանձ­նառությունները մշակելու նպա­տա­կով անդամ երկրները պետք է նախա­­ձեռնեն ազգային ներառական խորհրդակցու­թյուններ՝ բոլոր ոլորտների և գործըն­կերների ներգրավմամբ: Ստեղծվելու է հարթակ երեխաների, երիտասարդների, ծնողների և ուսուցիչների համար՝ իրենց տեսակետները լսելի դարձնելու նպատակով: Սա հնարավորություն է տալու միավորելու կրթության համակարգը վերափոխելու ջանքերը` ներգրավելով ոլորտի պատասխանատուներին և շահառուներին:

Նախապատրաստական գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում են տարածաշրջանային խնդիրներին առնչվող կրթության փոխակերպման թեմատիկ քննարկումներ, որոնցից անմասն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը:

Հայաստանը մշակել է 2022 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք գագաթնաժողովում ներկայացվող հարցերի նախնական բովանդակությունը:

Գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքներն ընթանում են հետևյալ սկզբունքներով՝ մոբիլիզացնել գործողությունները, գտնել լուծումներ՝ նպատակ ունենալով վերափոխել կրթությունը մինչև 2030 թվականը:

Յուրաքանչյուր երկիր հանձնառու է լինելու ժամանակակից մարտահրավերների պայմաններում (տարատեսակ համավարակներ, գլոբալ կլիմայական ճգնաժամ, արագ տեխնոլոգիական փոխակերպում և այլն) ապահովել որակյալ կրթություն և ցկյանս ուսուցում:

Հունիսի 29-ին նախատեսվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ելույթը փարիզյան գագաթնաժողովում:

Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության հարցերով գլխավոր տնօրենի օգնական Ստեֆանիա Ջիանինի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների հետ կապերի բաժնի ղեկավար Դով Լինչի հետ։

Հանդիպումների ընթացքում Ա. Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ կրթության ոլորտում ընթացող բարեփոխումները, որոնք ընդգրկում են կրթության բոլոր աստիճանները։

Քննարկվել են կրթության ոլորտում միջազգային փորձագիտական աջակցության տրամադրման առնչվող հարցեր։

Ստեֆանիա Ջիանինին և Դոն Լինչը կարևորել են Հայաստանում կրթության ոլորտի փոփոխությունները, վերահաստատել իրենց պատրաստակամությունը փորձագիտական աջակցություն ցուցաբերելու հարցում:

  • Կիսվել: