հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
ԿԳՄՍ նախարարը խոստացել է հանդիպել կամավոր ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչների հետ

ԿԳՄՍ նախարարը խոստացել է հանդիպել կամավոր ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչների հետ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը խոստացել է երեքշաբթի՝ հունվարի 30–ին, հանդիպել կամավոր ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչների հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ցույցի մասնակից ուսուցիչներից Վարդուհի Ասատրյանը։  

Ուսուցիչները երեկ մի քանի ժամ մնացել են նախարարության շենքի ներսում և հանդիպում են պահանջել նախարարի հետ: Ժաննա Անդրեասյանը համաձայնել է հաջորդ երեքշաբթի օրը հանդիպել ուսուցիչների հետ և լսել նրանց պահանջը: Այս պահին նրանք պահանջում են կասեցնել իրենց աշխատանքից ազատման գործընթացը՝ մինչ նախարարի հետ հանդիպումը տեղի կունենա:

Հիշեցնենք, որ միջին մասնագիտական կրթություն ունեցող և պարտադիր ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչները, որոնք 2023թ․-ի դեկտեմբերից ազատվել են աշխատանքից, արդեն 1 ամիս է՝ բողոքում են, որ ատեստավորման ժամանակ 50 տոկոսի շեմը հաղթահարած, բայց 60 տոկոսի շեմին չհասած բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչներին երրորդ անգամ հնարավորություն է տրվել ատեստավորում անցնել, իսկ իրենց այդ հնարավորությունը չի տրվել:

Ուսուցիչները մի քանի անգամ հանդիպել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի հետ, բաց նամակով դիմել են վարչապետին, սակայն խնդիրն այդպես էլ լուծում չի ստացել:

  • Կիսվել: