չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել անգլերենեի TKT հավաստագրերի հանձնման արարողությունը

ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել անգլերենեի TKT հավաստագրերի հանձնման արարողությունը

TKT թեստը դասավանդման միջազգային որակավորում շնորհող մասնագիտական քննություն է, որի վկայականը նոր հեռանկարներ կբացի կարիերայի և մասնագիտական զարգացման համար ինչպես Հայաստանում, այնպես էլ անգլերենի դասավանդման միջազգային ասպարեզում։

Անգլերենի ուսուցիչներին ողջունել ու հավաստագրերը հանձնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը և ծրագրերի համակարգող Մարիամ Արզումանյանը:

Մասնակիցների թվում էին Հայաստանի տարբեր մարզերի դպրոցների անգլերենի ուսուցիչներ, որոնք մասնակցել են «Անգլերենի ակումբներ» ծրագրի բաղկացուցիչ մաս կազմող Ուսուցիչների աշխատանքային խմբերի հանդիպումներին։

Շնորհավորելով միջոցառման մասնակիցներին՝ Հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը շեշտել է, որ Բրիտանական խորհուրդը ԿԳՄՍՆ հիմնական գործընկերներից է. «Բրիտանական խորհրդի հետ իրականացված այս ծրագիրը շատ կարևոր նախագիծ է, այն ոչ միայն անգլերեն դասավանդելու, այլև համայնքներում փոփոխություններ բերելու, ուսուցիչների միջև կապ հաստատելու, փորձի փոխանակման, մեթոդաբանության, դասավանդման նորարար մեթոդների մասին է»:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանն աջակցության ու համագործակցության համար: Փաստելով, որ ուսուցիչների 2 խմբերը հիմնվել են Միացյալ Թագավորության կողմից ֆինանսավորվող «Անգլերենի ակումբներ» ծրագրի շրջանակում՝ նա  ներկաներին հորդորել է. «Փոխանցե՛ք ձեր գիտելիքները ձեր գործընկերներին, քանի որ ծրագրում ընդգրկվելու հնարավորություն է տրված  շուրջ 300 անգլերենի մասնագետների»:

Ծրագիրը միտված է ծառայելու որպես փորձի և գիտելիքի փոխանակման հարթակ՝ հնարավորություն ընձեռելով առանձին բնակավայրի ուսուցիչների քննարկելու նոր գաղափարներ, կիսելու դասավանդման փորձը և վերլուծելու տեղական կարիքները:

Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցի անգլերենի ուսուցչուհի, ծրագրի մասնակից Անուշ Տիրատուրյանը նշել է, որ թեև ծրագիրն իրականում շատ բարդ էր, աշխատատար, բայց այն հնարավորություն է տվել փորձելու ուժերը, այսուհետ կիրառելու դասավանդման նոր մեթոդներ ու մոտեցումներ՝ ավելի լավ ուսումնական ու կրթական միջավայր ունենալու համար:

  • Կիսվել: