երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ԿԳՄՍ նախարարի փոխված հրամանը նույնպես ապօրինի է. Ռուբեն Հայրապետյան

ԿԳՄՍ նախարարի փոխված հրամանը նույնպես ապօրինի է. Ռուբեն Հայրապետյան

ԵՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԿԳՄՍ նախարարության պարզաբանումը, թե ՀՊՏՀ-ին առնչվող նախարարի հրամանում ԴՊՐՈՑՆԵՐԻ իրավական ակտով ղեկավարվելու պատճառը աշխատակցի անփութությունն էր։

Նա, մասնավորապես, նշել է․

«Փորձում եմ ինքս ինձ համոզել, որ այսքան անգրագետ են, այլ ոչ թե հանցագործ, սակայն ինքնախաբեություն է ստացվում. այդքան աղմուկից հետո և այս աստիճանի՝ պարզապես անհնար է:

Հիշում եք, չէ՞, ԿԳՄՍ նախարարության ամոթալի պարզաբանումը, թե ՀՊՏՀ-ին առնչվող նախարարի հրամանում ԴՊՐՈՑՆԵՐԻ իրավական ակտով ղեկավարվելու պատճառը աշխատակցի անփութությունն էր՝ այն դեպքում, երբ նախարարի հրամանի ցանկացած նախագիծ մի քանի կարևոր պաշտոնյաների վիզա է ստանում, մինչև նախարարի սեղանին հայտնվելը: Եվ, հավանաբար, հիշում եք նաև զարմանալիորեն լկտի ձևակերպումն առ այն, որ մի հատ էլ բարձրաձայնողներն են մեղավոր, թե բա «շահարկում» են:

Իսկ հիմա, ուշադրությո’ւն. նախարարի փոխված հրամանում դպրոցներից ավելի ծիծաղելի իրավական նորմ են հորինել ամբողջ թիմով, միայն թե համալսարանի ժամանակավոր կառավարումը ամեն գնով ապօրինաբար հանձնեն իմ դեմ նախաձեռնած փուչ քրեական գործով ճանաչելի դարձած իրենց գերհավատարիմ պրոռեկտորին:

«Դպրոցների տրյուկը» բացահայտվեց, այժմ փոխված հրամանում նշվում է, որ ղեկավարվել են ՊՈԱԿ-ների մասին օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով: Այդ նորմը կրկին բացարձակապես կապ չունի տվյալ դեպքի հետ. այն ընդամենը սահմանում է, որ «Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՁԻ ԲԱՑԱԿԱՅՈւԹՅԱՆ դեպքում նրան նշանակած մարմնի գրավոր որոշման համաձայն այդ լիազորություններն իրականացնում է
այլ անձ»: Ինչպես տեսնում եք, հստակ նշվում է՝ բացակայության դեպքում՝ ԲԱ-ՑԱ-ԿԱ-ՅՈւ-ԹՅԱՆ: Օրինակ, երբ նշանակված անձը գործուղում կամ արձակուրդ է գնում կամ COVID-ի թեստը դրական է հանձնել և բացակայում է, նրա լիազորությունները կատարում է տեղակալը:

 

Լավ, հիմա ինչպե՞ս լուրջ ասեմ այսքանը…

Ախր, հարգելինե՛րս,

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարն այժմ ոչ թե բացակայում է, այլ նախարարի մեկ այլ հրամանով ազատվել է պաշտոնից: Դուք տեղյա՞կ չէիք, որ ազատել եք: Չկա այլևս ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՁ, որի բացակայության դեպքում լիազորությունները կարող էր այլ անձ կատարել: Դուք պարտավոր էիք նշանակել նոր պաշտոնակատար, որն արդեն չէր կարող ձեր սիրելի պրոռեկտորը լինել, որովհետև նա չի բավարարում ռեկտորի պաշտոնին ներկայացվող պահանջներին. դա էր միակ օրինական տարբերակը: Դուք 2-րդ անգամ առերևույթ դիտավորությամբ և համառությամբ օրենք խախտեցիք:

Եվ այսքանից հետո հրամանի նախորդ անհեթեթ տարբերակը անանուն ու հավանաբար գոյություն չունեցող աշխատակցի անփութության վրա՞ էիք փորձում բարդել: Այսինքն, ձեր կարծիքով այս իրավական նորմով ղեկավարվելը դպրոցներից պակա՞ս ծաղրելի է, թե՞ 2-րդ անգամ եք ասելու, որ «անփութություն» է եղել: Ձեզ դեռ առաջին սխալի ժամանակ էի հուշել, որ չեք կարողանալու այդ չլսված ապօրինությունը հիմնավորող նորմ գտնել, բայց դուք նույնիսկ դրանից հետո «չհասկացաք», բա խեղճ աշխատակիցը ի՞նչ աներ առանց հուշելու:

Հարգելի՛ իրավապահ մարմիններ, դուք այժմ պարտավոր եք ընթացք տալ հանցագործության մասին հաղորդմանը, հատկապես, տվյալ պաշտոնյաների՝ խնդրի մասին տեղեկանալուց հետո ապօրինությունը կրկնելու հիմքով, որովհետև դրանով վերջնականապես հաստատեցին պետության և անձանց օրինական շահերին վնաս պատճառող գործողությունների ԴԻՏԱՎՈՐՈւԹՅԱՆ փաստը:

Հ.Գ.
Վերոնշյալ անձն այսօրվանից արդեն դե ֆակտո սկսել է ռեկտորի պարտականությունները կատարել և ստորագրել ապօրինի փաստաթղթեր, որոնք առոչինչ են»:

 

  • Կիսվել: