ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
KfW բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի հետագա ընթացքի տարբերակներ

KfW բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի հետագա ընթացքի տարբերակներ

Այսօր Ջրային կոմիտեն հյուրընկալել էր գերմանական «Վերականգնման վարկերի բանկի» (KfW) քաղաքաշինության և տնտեսական զարգացման բաժնի ղեկավար Էվա Շնայդերին, Հայաստանի ջրային ծրագրերի ղեկավար Բարբարա Փալմին և բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանին։ Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից:
 
«Հանդիպման ընթացքում քննարկվեցին Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի ընթացիկ կարգավիճակը և առկա խնդիրները, ինչպես նաև ծրագրի հետագա ընթացքի մի քանի տարբերակներ։ Կողմերը համակարծիք էին հրատապ լուծումներ գտնելու և կառույցի անվտանգությունն ապահովելու հարցում։
 
Անդրադարձ եղավ նաև «Համայնքային ենթակառուցվածքների II ծրագիր, փուլ 3 - Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք» ծրագրի ավարտական փուլի խնդիրներին։
 
KfW-ի գործընկերները հետաքրքրվեցին այն մասին, թե ոլորտի բարեփոխման հարցում ինչպիսի տեսլական ունի Ջրային կոմիտեի նախագահը, և ինչ միջազգային ծրագրերի իրականացում է նախատեսվում մոտ ապագայում։
 
Ի պատասխան՝ նախանշվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրային ուղղություններ և հետագա համագործակցության հնարավորություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: