շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Կեղծ լուրերի դեմ պայքարում ամենահզոր և արդյունավետ միջոցը գրագետ, տեղեկացված և ազատ հասարակություն ունենալն է

Կեղծ լուրերի դեմ պայքարում ամենահզոր և արդյունավետ միջոցը գրագետ, տեղեկացված և ազատ հասարակություն ունենալն է

Ապատեղեկատվության և կեղծ լուրերի դեմ պայքարում ամենահզոր և արդյունավետ միջոցը գրագետ, տեղեկացված և ազատ հասարակություն ունենալն է: «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է,  այդ մասին ապատեղեկատվության դեմ պայքարին և մեդիագրագիտությանը վերաբերող համաժողովի բացման խոսքում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը՝ ողջունելով ֆորումի մասնակիցներին և բարձրաստիճան հյուրերին:

Փոխնախարարի խոսքով՝ համաժողովի թեման այսօր առավել քան արդիական է՝ հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող զարգացումները և մարդկությանը սպառնացող մարտահրավերները։

«Տեղեկատվության հասանելիությունը, խոսքի ազատությունը, թափանցիկությունը, մարդկանց տեղեկացված լինելը մարդու կարևոր իրավունքներ են: Նոր տեխնոլոգիաների, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը մի կողմից շեշտակիորեն բարձրացնում է հասարակության և յուրաքանչյուր անհատի տեղեկացվածության հնարավորությունները, սակայն մյուս կողմից այդ նույն հասարակությանը և անհատին դարձնում է խոցելի՝ ապատեղեկատվության և կեղծ լուրերի առջև», - նշեց ԱԳ փոխնախարարը:

Ապատեղեկատվությունը կամ կեղծ լուրերի տարածումը, ըստ Վահե Գևորգյանի, այսօր առավել քան արդիական մարտահրավեր է: Դրա պատճառները և շարժառիթները զանազան են, իսկ իրականացման ձևերը օրեցօր կատարելագործվում են:

Փոխնախարարը մտահոգիչ է համարում այն փաստը, որ որպես ապատեղեկատվության թիրախ հաճախ ընտրվում են առավել խոցելի խմբերը, որոնք չունեն բավարար գիտելիք, փորձ և տեղեկացվածություն՝ ապատեղեկատվությունը ճանաչելու կամ այդ նպատակով վերլուծություն կատարելու համար: Եվ այդ առումով, հատկապես, մտահոգիչ է տարեց մարդկանց, անչափահասների և երեխաների թիրախավորումը:

«Ինչպես բոլորս ականատես դարձանք, ապատեղեկատվության և կեղծ լուրերի հորձանուտը շեշտակիորեն աճում է հատկապես արտակարգ իրավիճակներում, օրինակ՝ համավարակի պայմաններում, որն աշխարհը պատուհասեց 2020 թ. սկզբներին: Համավարակի արհավիրքի հետ հանդերձ համաշխարհային հանրությունը առերեսվեց նաև քաոսային տեղեկատվական հոսքին. շատ օգտատերերի համար չափազանց դժվար դարձավ ճշմարտությունը և կեղծ լուրը զանազանելը և իրավիճակի մասին իրական պատկեր կազմելը»- ասաց փոխնախարարը:

Վահե Գևորգյանը շեշտեց, որ կեղծ լուրերի գործոնն ընդգծվում է հատկապես հակամարտային իրավիճակներում և մաս է  կազմում պատերազմի հրձիգների գործիքակազմի:

«Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված վերջին պատերազմի ընթացքում, ինչպես նաև դրան նախորդած և հաջորդած ժամանակահատվածներում, Հայաստանը ստիպված էր դիմակայել նաև ապատեղեկատվական և կիբերանվտանգային կազմակերպված հարձակումների: Դրանց դեմ պայքարը ենթադրում է ոչ միայն պետական կառույցների, այլև՝ ողջ հասարակության մոբիլիզացիա: Այսպիսով, ներկայիս հրամայականն է նման ապատեղեկատվության դիմակայումը, որի առանցքային մասը պետք է դառնա հասարակության լայն շերտերի մեդիագրագիտության բարձրացումը: Առավել քան համոզված եմ, որ ապատեղեկատվության դեմ պայքարում ամենահզոր և արդյունավետ միջոցը գրագետ, տեղեկացված և ազատ հասարակություն ունենալն է», - հայտարարեց ԱԳ նախարարի տեղակալը:

  • Կիսվել: