կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կբարելավվեն գնման ընթացակարգերի կազմակերպման պայմանները. կդյուրացվեն մասնակցության պայմանները, կկրճատի հայտերի գնահատման ժամանակը

Կբարելավվեն գնման ընթացակարգերի կազմակերպման պայմանները. կդյուրացվեն մասնակցության պայմանները, կկրճատի հայտերի գնահատման ժամանակը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է սահմանել գնման կազմակերպման առանձնահատկություն:

Ըստ այդմ՝ առաջարկվում է առավել ճկուն դարձնել գնման ընթացակարգերի կազմակերպման պայմանները: Մասնավորապես՝ շինարարական աշխատանքների գնման ընթացակարգերի կազմակերպման ժամանակ մասնակիցները հայտով չեն ներկայացնի իրենց կողմից լրացված ծավալաթերթ-նախահաշիվներ: Հաղթող ճանաչվելու դեպքում կնքվող պայմանագրի շրջանակում վճարումները կկատարվեն՝ առաջարկած գինը պլանավորված գնի վրա բաժանելու արդյունքում ստացված գործակիցը տարածելով փորձաքննություն անցած ծավալաթերթ-նախահաշվով սահմանված բոլոր տողերով նախատեսված աշխատանքների արժեքների վրա:

Ընդ որում՝ հրավերին կից կհրապարակվի փորձաքննություն անցած ծավալաթերթ-նախահաշիվը: Կներկայացվի նաև հավաստում հրավերով սահմանված պայմաններին բավարարող սարքեր և սարքավորումներ տեղադրելու պարտավորության մասին հավաստագիր, պայմանով, որ մինչև տեղադրումը դրանց տեխնիկական բնութագրերը, ապրանքային նշանները, ֆիրմային անվանումները, մակնիշները և երաշխիքային ժամկետները նախապես կհամաձայնեցվեն պատվիրատուի հետ: Նման կարգավորների արդյունքում կդյուրացվի ինչպես ընթացակարգերին մասնակցության պայմանները, այնպես էլ կկրճատի հայտերի գնահատման ժամանակը: Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված՝ մինչև 2026 թ. 500 մանկապարտեզ և 300 դպրոց կառուցելու, հիմնանորոգելու և վերանորոգելու մասով ՀՀ կառավարության հանձնառությունից և նպատակ ունի շարունակաբար բարելավել գնման ընթացակարգերը:

  • Կիսվել: