կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կբարեկարգվի Երևանի Մհեր Մկրտչյանի անունը կրող հրապարակը (տեսանյութ)

Կբարեկարգվի Երևանի Մհեր Մկրտչյանի անունը կրող հրապարակը (տեսանյութ)

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող՝ Մերգելյանի այգու դիմացի՝ Մհեր Մկրտչյանի անունը կրող հրապարակը սահմանազատվում է հետագայում բարեկարգվելու համար: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

Տարիներ շարունակ այդ հատվածում ավտոմեքենաներ էին կայանում կամ գյուղմթերքի տոնավաճառներ կազմակերպվում: Որպես Մհեր Մկրտչյանի հրապարակ ճանաչելի դարձնելու և մշակութային անցուդարձի կենտրոնի վերածելու գործընթացը սկսվեց դեռ 2020 թվականին. շուկան տեղափոխվեց, տարածքն ազատվեց հակաէսթետիկ և հակասանիտարական վիճակից:

Արաբկիր վարչական շրջանը տեղեկացնում է, որ ավտոմեքենաների կայանումը կանխող արգելասյուների տեղադրումը մեկնարկն է այն մեծ աշխատանքի, որը նախատեսվում է հրապարակի հիմնանորոգման և իրական նպատակին ծառայեցնելու համար: Սա նաև սկիզբն է արաբկիրցիների համար երկար սպասված՝ Մերգելյանի այգու հիմնանորոգման աշխատանքների:

Հրապարակն ունենալու է նաև ստորգետնյա կայանատեղի, և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը պատրաստ է ընդունել և քննարկել մասնավոր հատվածի կողմից ներկայացվող՝ կայանատեղիի կառուցման հետ կապված ներդրումային առաջարկները:

 

  • Կիսվել: