շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կաթնամթերքի կասկածելի թանկացումը. արտադրողները մրցու՞մ են բարձր գնի համար․ «Հետք»

Կաթնամթերքի կասկածելի թանկացումը. արտադրողները մրցու՞մ են բարձր գնի համար․ «Հետք»

Վերջին գրեթե երկու շաբաթում կաթնամթերքը Հայաստանում կտրուկ թանկացել է։ Օրինակ՝ 670 դրամանոց թթվասերը դարձել է 720 դրամ։ Ընդ որում՝ հատկանշական է, որ արտադրողների մեծ մասի արտադրանքի տեսականին է թանկացել` մածուն, կաթնաշոռ, թթվասեր, կաթ և այլն։ Որոշ խանութներում սպառողները մինչև 100 դրամի թանկացում են նկատել։ Այս մասին հայտնում է «Հետք»-ը։

Փորձագետները տարատեսակ մեկնաբանություններ և կասկածներ ունեն կաթնամթերքի թանկացումների վերաբերյալ։ Ամենատարածված կարծիքը, թե QR կոդերի կիրառումն է թանկացման հիմքը, փորձագետների մի մասի համար համոզիչ և սպառիչ չէ։ Արտադրողները հրաժարվում են խոսել թանկացումների մասին:

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը դեռևս ուսումնասիրում է՝ արդյոք շուկայում կա՞ն գերիշխողներ, և լինելու դեպքում միայն կարող է վարույթ հարուցել։

Կաթնամթերք արտադրողների միության նախագահ. «Թանկացման պատճառը QR կոդերի կիրառումն է, հումքի թանկացումը»

«Հայ կաթ» կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը վերջին շրջանում կաթնամթերքի թանկացման միանգամից մի քանի պատճառ է նշում։

Դրանցից առաջինն, ըստ նրա, QR կոդերի կիրառումն է, որի նպատակն է վերահսկել ապրանքի իրացման ողջ շղթան։ Կաթնամթերք արտադրողները եկող տարվա հունվարի 1-ից պարտավոր են իրենց արտադրանքի վրա հսկիչ QR կոդեր փակցնել։ Սա Կառավարության որոշումն է, որը ընդունվել է դեռևս 2024-ի օգոստոսին։

Որոշ ընկերություններ արդեն իսկ սկսել են QR կոդեր կիրառել, և նրանց արտադրանքի վրա այդ կոդերը երևում են։

Ըստ Պողոսյանի՝ QR կոդերի կիրառումն ընկերությունների համար լրացուցիչ ծախսեր է ենթադրում։

«1 QR կոդը տնտեսվարողի համար արժենում է 4.6 դրամ՝ 3.6 դրամ իր արժեքն է, գումարած՝ ԱԱՀ-ն։ Այնուհետև տնտեսվարողը տպագրական ծախսեր է անում՝ 1 QR-ի համար 3-3.5 դրամ է։ Արվում են ծրագիրը ներդնելու ծախսեր, սարքավորումներ են ձեռք բերում կոդերը տպագրելու համար և այլն։ Այդ թանկացումները պետք է անդրադառնային մթերքի գնի վրա»,- ասում է Պողոսյանը։

Ըստ նրա, սակայն, միայն այս կոդերի կիրառմամբ չէ պայմանավորված թանկացումը։ Կաթնամթերքի հումքը և ներմուծվող տարաները ևս թանկացել են, որը նույնպես արտացոլվում է գնի մեջ։ Հումքի թանկացումը, սակայն, ավելի վաղ է եղել՝ մինչև վերջին երկու շաբաթվա թանկացումները։ Ընկերությունների համար ծախսային բեռը, Խաչատուր Պողոսյանի խոսքով, պարբերաբար ավելանում է տարբեր ուղղություններով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

  • Կիսվել: