Կասեցվել է «Դրախտ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառման արդյունքում կասեցվել է «Ս․Տիգրանյան և որդիներ» արտադրական կոոպերատիվին պատկանող «Դրախտ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, ք․ Գյումրի): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Այս կազմակերպությունում առկա են եղել սննդամթերքի անվտանգության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ.
Այսպես՝
- արտադրամասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից,
- առաստաղներն ապահով չեն եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը, խոնավության խտացումը,
- դռները եղել են ոչ հարթ, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
- արտադրամասի նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը,
- արտադրամասը չի ունեցել սանհանգույց, ինչպես նաև անձնակազմի համար նախատեսված հանդերձարան։
Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին, սահմանվել է վերջնաժամկետ:



