հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
«Կարողանալո՞ւ է նայել մարդկանց աչքերին». Ազատի կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց

«Կարողանալո՞ւ է նայել մարդկանց աչքերին». Ազատի կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստին հանրային մեղադրողը միջնորդեց երեք ամսով երկարաձգել մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքի ժամկետը։

Մեղադրողը նշեց, որ որ մեղադրյալի խափանման միջոց կալանքի վերաբերյալ դատարանի կողմից  նախկին որոշմամբ արձանագրված հիմքերն ու պայմանները շարունակում են առկա լինել, որևէ կերպ չեն նվազել, չեն չեզոքացվել, այս փուլում խոչընդոտելու հնարավորությունը դեռ  առկա է։  

Հանրային մեղադրողը նշեց, որ որևէ  այլընտրանքային խափանման միջոց ի զորու չէ չեզոքացնել ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ենթադրյալ վտանգները։

Տուժողների շահերի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը համամիտ է հանրային մեղադրողի  կողմից արտահայտված դիրքորոշմանը՝ նշելով, որ տվյալ փուլում անհրաժեշտ է կալանքը երկարաձգել երեք ամիս ժամկետով։ 

Եղիշե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանն ասաց, որ դատաքննության ընթացում իր պաշտպանյալը ոչ միայն ազդեցություն չուներ, այլ չէր էլ կարող ունենալ որևէ վկայի վրա։ Նա նշեց, որ նեկայումս  դատաքննությունը գտնվում է  ապացույցների հետազոտման փուլում և առավել ևս Հակոբյանը որևէ ազդեցություն ունենալ չի կարող, քանի որ ապացույցները գտնվում են դատարանի տրամադրության տակ, կողմերն ակտիվորեն քննարկում են։ Հ.Սարգսյանը միջնորդեց Եղիշե Հակոբյանի նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ, ընդ որում՝ համակցված՝ գրավ, բացակայելու արգելք, տնային կալանք։  Նա նշեց, որ վկաներին խոչընդոտելու հանգամանքն ընդհանրապես վերացել է։

Դատարանի դահլիճում ներկա տուժածների, զոհվածների հարազատները պաշտպանի միջնորդությունից հետո իրենց դժդոգությունը հայտնեցին։

«Բայց ինքը ուզո՞ւմ է, կարողանալո՞ւ է հասարակության մեջ դուրս գալ, մարդկանց աչքերին նայել»,- դատարանի դահլիճից ասաց ներկաներից մեկը։ 

Դատավորը որոշեց մեղադրյալ Եղիշե Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգել 3 ամիս ժամկետով։

Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 29-ին։ Այս անգամ նիստը կկայանա Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վարդենիսի նստավայրում, քանի որ, ինչպես նշեց դատավորը, զննելու են իրեղեն ապացույցները, որոնց ծավալը մեծ է, հնարավոր չէ տեղափոխել։ 

  • Կիսվել: