կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Կարիք կա երիտասարդ սերնդին ավելի շատ ծանոթացնել ֆրանկոֆոնիայի համընդհանուր արժեքներին. Շիրակի մարզպետը՝ Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցչին

Կարիք կա երիտասարդ սերնդին ավելի շատ ծանոթացնել ֆրանկոֆոնիայի համընդհանուր արժեքներին. Շիրակի մարզպետը՝ Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցչին

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հանդիպել է Ֆրանսիայի դեսպանատան համագործակցության, կրթության և մշակութային գործունեության հարցերով ներկայացուցիչ Դոմինիկ Վայսին։

Տիկին Վայսը մարզպետին է ներկայացրել Մարիա Ժերարին, ով առաջիկա ուսումնական տարում որպես կամավոր լինելու է Շիրակի մարզում։ Ֆրանսիայի դեսպանության հովանու ներքո Գյումրիում բնակություն հաստատած Մարիան աշխատանքներ է տանելու՝ ֆրանկոֆոնիայի զարգացման և տարածման նպատակով։

«Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությունը տասնամյակների պատմություն ունի և հարաբերությունների ամրապնդմանը միտված ամենափոքր նախաձեռնությունն անգամ, մեզ համար ողջունելի է։ Կարծում եմ՝ կարիք կա երիտասարդ սերնդին ավելի շատ ծանոթացնել ֆրանկոֆոնիայի համընդհանուր արժեքներին և ֆրանսերեն լեզվով հաղորդակցվելու առավելություններին, ինչպես նաև մեկ անգամ ևս ներկայացնել Հայաստանի և ֆրանկոֆոն երկրների միջև սերտ կապը։ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է աջակցել ու սատար կանգնել երիտասարդ կամավորին, քանզի ֆրանսերենն ու Ֆրանսիայի մշակութային արժեքները մեզ հարազատ են»,- նշել է Շիրակի մարզպետը։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել մարզի բուհերում և Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայության դպրոցներում ֆրանսերենի դասավանդմանը, մշակութային համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցերի։

  • Կիսվել: