ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Կառավարությունը կսահմանի Եվրոպական դատարանի վճիռներով սահմանված փոխհատուցումների վճարման կարգը

Կառավարությունը կսահմանի Եվրոպական դատարանի վճիռներով սահմանված փոխհատուցումների վճարման կարգը

Խորհրդարանը քննարկում է Կառավարության կողմից ներկայացված՝ «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանի ներկայացմամբ՝ «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացում կատարելու նախագծով առաջարկվում է նախատեսել լիազորող նորմ, որի հիման վրա Կառավարությունը կկարողանա Եվրոպական դատարանի վճիռներով և որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարման կարգ սահմանել: 

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով և որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարումը ՀՀ անվերապահ պարտավորությունն է, այդուհանդերձ, հարկ է նշել, որ սահմանված ժամկետում արդարացի փոխհատուցում ստանալու համար դիմումատուները պետք է ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթեր, որը գործնականում ուղեկցվում է որոշակի խնդիրներով»,- պարզաբանեց Անդրեասյանը:

Վերոնշյալի հաշվառմամբ անհրաժեշտություն է առաջացել ընդունելու Եվրոպական դատարանի վճիռներով և որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարման համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու և վճարում իրականացնելու կարգ, որը կարող է ապահովվել միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի  մասին օրենքում լիազորող նորմ սահմանելու միջոցով»,- պարզաբանեց Անդրեասյանը:

Նախագծի ընդունման արդյունքում նորմատիվ իրավական հիմք կստեղծվի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով և որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարման համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու և վճարումն իրականացնելու կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման համար, որով կապահովվի Եվրոպական դատարանի վճիռներով և որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարման գործընթացի պատշաճ իրականացումը:

  • Կիսվել: