երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրի ստորագրմանը

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրի ստորագրմանը

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին համաձայնագրի» ստորագրման առաջարկությանը։ Նախագիծը ընդգրկված էր ՀՀ կառավարության հերթական նիստի չզեկուցվող հարցերի թվում։

 

Նախագծի մեջ նշված է, որ ԵՄ խորհուրդը դեռևս 2022թ. հայկական կողմի հայցի հիման վրա կայացրեց աննախադեպ հրատապ որոշում՝ երկու ամիս ժամկետով Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին ԵՄ մշտադիտարկման կարողությունների քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ: Վերջինս տեղակայվեց Հայաստանի արևելյան սահմանի երկայնքով 2022թ. հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 19-ը՝ էականորեն նպաստելով սահմանային իրավիճակի հարաբերական կայունացմանը:        
« Հաշվի առնելով Հայաստանի համար ստեղծված անվտանգային ռիսկերն ու երկրի արևելյան սահմաններին իրավիճակի հետագա սրացման նշանակալի վտանգը՝ հայկական կողմը դիմել էր Եվրոպական միությանը՝ խնդրելով երկարացնել մշտադիտարկման վերոնշյալ առաքելության գործողության ժամկետը: Այսուհանդերձ, ելնելով նրանից, որ խնդրո առարկա առաքելության կազմը ձևավորվել էր Վրաստանում ԵՄ առաքելության անդամներից, և տվյալ կազմով առաքելության գործողության ժամկետը հնարավոր էր երկարաձգել միայն ևս երկու ամիս ժամկետով, ԵՄ կողմը հանդես եկավ բացառապես Հայաստանի համար նախատեսված մշտադիտարկման քաղաքացիական առաքելություն ստեղծելու նախաձեռնությամբ: Վերջինս ոչ միայն ողջունվեց Հայաստանի իշխանությունների կողմից, այլև հայկական կողմը լայնածավալ ջանքեր գործադրեց երկարաժամկետ առաքելություն ստեղծելու հարցում ԵՄ բոլոր անդամ պետությունների աջակցությունը ստանալու ուղղությամբ:

Այսպիսով, 2023թ. հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանում տեղակայել ԵՄ մշտադիտարկման նոր քաղաքացիական առաքելություն՝ վերջինիս մանդատի մեկնարկից երկու տարի ժամկետով։     
Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը միտված է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը: Հայկական կողմը մեծապես կարևորում է ինչպես սույն, այնպես էլ Եվրոպական միության հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է գտնում «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին համաձայնագրի» ստորագրումը։ Այն համապատասխանում է Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։

  • Կիսվել: