կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կառավարությունը 278,5 մլն դրամ հատկացրեց դպրոցական նոր դասագրքերի մրցույթում հաղթողներին

Կառավարությունը 278,5 մլն դրամ հատկացրեց դպրոցական նոր դասագրքերի մրցույթում հաղթողներին

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 12-ի նիստում որոշեց վերաբաշխում կատարել 2023-ի պետական բյուջեի մասին օրենքում եւ 278,5 մլ;ն դրամ հատկացնել 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների նոր դասագրքերի ստեղծման նպատակով  հայտարարված դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպություններին և փորձաքննություն անցած դասագրքերի հեղինակներին՝ որպես հոնորար:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ԿԳՄՍ նախարարությունը 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների թվով 65 անուն նոր դասագրքերի ստեղծման նպատակով  հայտարարել և իրականացրել է դրամաշնորհային մրցույթ: Դրամաշնորհային մրցույթի մասնակիցների կողմից 2023-ի հունիսի 1-ին՝ հայտերի բացման օրը ներկայացվել է թվով 49 անուն դասագիրք: 

Քննարկման արդյունքում  բարձր գնառաջարկի պատճառով 2 անուն դասագիրք /«Ֆրանսերեն 7» և «Ֆրանսերեն 5»/ չեն ներկայացվել փորձաքննության: 47 անուն դասագրքի փորձաքննության նպատակով ձևավորվել է 76 փորձագիտական խումբ, յուրաքանչյուր խմբում ընդգրկվել է 8 փորձագետ: 

Լրացուցիչ փորձաքննության են ներկայացվել «Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ի կողմից ստեղծված 5-րդ դասարանի «Իմ հայրենիքը» և 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկաների դասագրքերը, որոնք գիտականորեն չեն համապատասխանել սահմանված պահանջներին: Հետևաբար, «Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ին չի տրամադրվելու դրամաշնորհային մրցույթի հայտահրավերով սահմանված դասագրքի ստեղծման նախահաշվային արժեքը /6300000 ՀՀ դրամ/: 

Դասագրքերի փորձաքննության ամփոփման արդյունքում ձեռքբերված գրքերն են. 2-րդ դասարանի՝ 13 դասագիրք, 5-րդ դասարանի՝ 13  դասագիրք, 7-րդ դասարանի՝ 20 դասագիրք, 10-րդ դասարանի՝ 12 դասագիրք և դասագիրք ստեղծողների հետ կնքվել պայմանագրեր: 

Հաշվարկների արդյունքում անհրաժեշտ է ևս 278,505,6.0 հազար դրամ լրացուցիչ ֆինանսավորում՝ ներառյալ հեղինակներին տրվող հոնորարները: 

Նախագծի ընդունման պարագայում պետական բյուջեում նախատեսվում է կատարել վերաբաշխում ԿԳՄՍՆ-ի 2023-ի պետական բյուջեի ընդհանուր հատկացումների հաշվին՝ 278,505,6.0 հազար դրամի չափով:

  • Կիսվել: