կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում

Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում

Պետական այլ մարմիններում ծառայած և Պրոբացիայի ծառայության պաշտոններում նշանակված պրոբացիայի ծառայողներին հերթական կոչումը շնորհելիս հաշվի է առնվում նաև այդ մարմիններում տվյալ կոչումով (դասային աստիճանով) ծառայության ժամկետը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններն ու լրացումը: Զեկուցողը նշել է, որ այս կարգավորումը գործում է բոլոր ուժային կառույցներում, և ստեղծվել է մի իրավիճակ, երբ, օրինակ, Ոստիկանության ծառայությունից ծառայողն անցնում է Պրոբացիայի ծառայության, և ծառայության տարիները հաշվի չէին առնվում կոչումներ շնորհելու համար: Գևորգ Քոչարյանի խոսքով՝ փոփոխության նպատակն է լրացնել Պրոբացիայի ծառայությունում առաջացած բացը:

Օրինագծով առաջարկվում է նաև կատարել լրացում և պրոբացիայի ծառայողներին՝ որպես խրախուսանք, հնարավորություն ընձեռել շնորհելու զբաղեցրած պաշտոնի համապատասխան կոչումից 1 աստիճանով ավելի բարձր կոչում, բացառությամբ՝ արդարադատության գնդապետի կոչումի:

Հարակից զեկուցող, պատգամավոր Լիլիթ Մինասյանը կարևորել է օրենքի նախագծի ընդունումը և առաջարկել կողմ քվեարկել: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Առաջարկվել է այն ընդգրկել առաջիկա ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է հանձնաժողովի՝ սեպտեմբերի 22-ի նիստում:

  • Կիսվել: