շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կառավարության օրակարգում է սեփականաշնորհման ընթացակարգում թույլ տրված խախտումներով բոլոր գույքերի նկատմամբ ուսումնասիրություն իրականացնելը. Թովմասյան

Կառավարության օրակարգում է սեփականաշնորհման ընթացակարգում թույլ տրված խախտումներով բոլոր գույքերի նկատմամբ ուսումնասիրություն իրականացնելը. Թովմասյան

Կառավարության օրակարգում է սեփականաշնորհման ընթացակարգում թույլ տրված խախտումներով բոլոր գույքերի նկատմամբ ուսումնասիրություն իրականացնելը՝ հայտարարել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը, նկատել՝ այսօր էլ տեսանելի են Հայաստանին հատիկ առ հատիկ վերադարձվող գույքերը:

Սուրեն Թովմասյանը անդրադարձել է նաև հարցին՝ պետությա՞նը, թե՞ եկեղեցուն են պատկանում վերջինիս տնօրինած գույքն ու հողերը:

«Խորհրդային Միության փլուզումից հետո հողի սեփականատեր հանդիսացել է բացառապես Հայաստանի Հանրապետությունը:

Խորհրդային Միության փլուզումից հետո, ընդունված օրենքներով, կարգերով, հողային օրենսգրքով տրվել են համապատասխան իրավունքներ, այդ թվում՝ բոլոր ընտանիքներին, որոնք Խորհրդային Միության փլուզումից հետո ստացել են գյուղատնտեսական հողեր, համապատասխան տնամերձ հողամասեր»,- ասել է Թովմասյանը:

Նրա խոսքով՝ Խորհրդային Միության փլուզումից հետո բոլոր հողերը եղել են ՀՀ սեփականություն, և ՀՀ կառավարությունը և օրենսդիր մարմինն են որոշել՝ ոնց է տեղի ունենալու հողերի բաշխումը:

Ինչ վերաբերում  է Հովհաննավանքին, նկատեց՝ դրա համար և՛ շենքի, և՛ հողամասերի վերաբերյալ եղել են Կառավարության որոշումներ, և բացառապես այդ որոշումներն են հիմք հանդիսացել, որ այդ անշարժ գույքը փոխանցվել է Հայ Առաքելական եկեղեցուն:

Հարցին՝ ազատվա՞ծ է արդյոք եկեղեցին գույքահարկից, նկատեց՝ ըստ օրենսդրության, առկա են եկեղեցապատկան այնպիսի օբյեկտներ, որոնք ազատված են գույքահարկից և հողի հարկից, բայց կան նաև այնպիսի գույքեր, որոնք վճարում են:

Հարցին՝ վճարո՞ւմ է արդյոք եկեղեցին, Սուրեն Թովմասյանը դժվարացավ պատասխանել:

  • Կիսվել: