չորեքշաբթի, ապրիլ 14
14 / 4 / 2021
Կապույտ վառելիքը կհասնի Ագարակ, Մեղրի և Լեհվազ

Կապույտ վառելիքը կհասնի Ագարակ, Մեղրի և Լեհվազ

ՀՀ Կառավարության` 257,5 միլիոն դրամ ներդրմամբ` Ագարակ, Մեղրի և Լեհվազ բնակավայրերում իրականացվում են գազատար խողովակաշարերի մոնտաժման աշխատանքներ, տեղեկացնում են ՀՏԶՀ լրատվական ծառայությունից:


Ագարակ բնակավայրում ներդրումը կազմում է 128 միլիոն 941 հազար դրամ, որով մոնտաժվում է 10112 գծամետր խողովակաշար։ Ագարակում կա 1235 տնտեսություն, 4618 բնակիչ։ Բնակավայրի չգազիֆիկացված թաղամասերն այս ծրագրով ամբողջությամբ կապահովվեն կապույտ վառելիքով։

Մեղրի բնակավայրում ներդրումը կազմում է 72 միլիոն 510 հազար դրամ, որի շնորհիվ 1338 տնտեսություն և 4470 բնակիչ ունեցող համայնքի` գազ չունեցող թաղամասերը կգազիֆիկացվեն։ Մոնտաժվում է 4553 գծամետր խողովակաշար։

Լեհվազ բնակավայրում այս ծրագրի շրջանակում ներրդվել է 56 միլիոն 215 հազար դրամ, որով մոնտաժվել է 5151 գծամետր խողովակաշար։ Ագարակում տնտեսությունների թիվը 150 է՝ 612 բնակչով։

Բացի բնակիչներից, ծրագրի շահառու են նաև 38 տնտեսվարող, 3 դպրոց և 5 մանկապարտեզ, որոնք ևս հնարավորություն կունենան օգտվելու կապույտ վառելիքից։ Ընդհանուր առմամբ մոնտաժվում է 19816 գծամետր խողովակաշար։ Մեղրի միավորված համայնքի բնակչության թիվը 12297 է։

Կատարվող աշխատանքների շնորհիվ կապույտ վառելիքը կհասնի 9700 բնակչի, որը կազմում է միավորված համայնքի բնակչության 78,8 տոկոսը։ Աշխատանքներն իրականացվում են ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով` Կառավարության ֆինանսավորմամբ։

 

  • Կիսվել: