կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Կանգնած ենք վարորդների կողքին. Տիգրան Ավինյան

Կանգնած ենք վարորդների կողքին. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում ուղեվարձը չվճարելու պատճառով վարորդների հետ միջադեպերին։

«Ունեցել ենք մի քանի միջադեպ, մեկ կոնկրետ տհաճ միջադեպ, երբ վերածվել է կռվի, հարձակվել են վարորդի վրա։ Երեք անձ ձերբակալվել է, չորրորդն էլ անցնում է այդ գործով։ Ես ուզում եմ վստահ լինել, որ այդ անձինք պատժվելու են խստագույնս։

Եվ իրականում վարորդների նկատմամբ ոտնձգությունը անհատի, անձի նկատմամբ ոտնձգություն չէ, դա ոտնձգություն է քաղաքի նկատմամբ, ամբողջ համակարգի նկատմամբ, և ուզում եմ բոլորն իմանան, առաջին հերթին՝ վարորդները, որ մենք նրանց կողքին կանգնած ենք»։

Նա նշել է, որ ուղեվարձը չվճարելը ամոթալի երևույթ է. «Այս երևույթը պետք է լինի պախարակելի, պետք է լինի ամոթալի և որևէ մեկը չպետք է իրեն թույլ տա՝ տրանսպորտից օգտվելիս չվճարել, քանի որ ինքը բեռ է մեր բոլորի վզին, ձեր վզին՝ սիրելի երևանցիներ, ովքեր պարտաճանաչ վճարում եք։ Իրենք շաբաթական երկու նոր ավտոբուսի չափ չեն վճարում»։

Ըստ քաղաքապետի՝ այս ամենը չպետք է հանդուրժել. «Ի՞նչ իրավունք ունի մարդը, որ տրանսպորտի համար չվճարի ու մի հատ էլ հերոսացնի»։

Նա նաև շեշտել է. «Շաբաթական մոտ 70-80 մլն դրամի չվճարում ունենք։ Սա նշանակում է, որ շաբաթը երկու նոր ավտոբուս կարող էինք գնել այդ չվճարողների հաշվին»։

  • Կիսվել: