Կանայք «տրավմատիկ» ծննդաբերություններ են ունեցել կորոնավիրուսի պատճառով. հետաքննություն
Եվրասիական երկրներից բազմաթիվ կանայք հայտնում են կորոնավիրուսի սահմանափակումների հետևանքով ունեցած «տրավմատիկ» ծննդաբերական փորձի մասին:
Սահմանափակումները մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, խախտել են ծննդօգնության վերաբերյալ ԱՀԿ ուղեցույցերը և ազգային կանոնակարգերը։ Նույնիսկ սահմանափակումների թուլացումից հետո կանայք շարունակում են զրկված մնալ ծննդաբերելու ընթացքում ամուսնու ներկայության իրավունքից։
«Ամերիկայի ձայն»-ը գրում է, որ «Օpen Democracy» գլոբալ լրատվական կայքի հետաքննությունը բացահայտել է, որ նվազագույնը 45 երկրում հղի կանայք ստացել են «տրավմատիկ» ծննդօգնություն։
Հայաստանում և Ուկրաինայում մինչ այժմ արգելված է ըստ ծննդաբերողի ընտրության` աջակցող անձի ներկայությունը ծննդաբերությանը։
Կանայք նկարագրում են, որ ծննդատների աշխատակիցները գերհոգնած են և որոշ դեպքերում բուժօգնություն են տրամադրել առանց անձնական պաշտպանական միջոցների, իսկ որոշ դեպքերում էլ հղի կանանցից պահանջվել է գնել իրենց անձնական բժշկական միջոցները։
Բժիշկներն ու մարդու իրավունքներով զբաղվող իրավաբաններն անվանել են այս բացահայտումները «ցնցող և անհանգստացնող»՝ կոչ անելով կառավարություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ «կանանց առողջությունն ու իրավունքները առաջնահերթությունից զրկելու այս անհանգստացնող միտումների» դեմ։
Եվրասիական մի շարք երկրներում կանայք հայտնել են, որ համավարակի ընթացքում արժանացել են անհարգալից վերաբերմունքի` բուժօգնություն ստանալու ընթացքում, չեն կարողացել օգտվել ծննդօգնության ընթացքում աջակցող անձի/ամուսնու ներկայության իրավունքից, որոնք հակասում են ԱՀԿ ուղեցույցին։
Հայաստանում և Ուկրաինայում ուղեկցող անձինք և այցելությունները դեռևս շարունակում են արգելված մնալ՝ չնայած նրան, որ այս երկրներում համավարակով պայմանավորված սահմանափակումները հիմնականում հանվել են. առևտրի կենտրոններն ու ռեստորաններն այս երկրներում գործում են մայիսից։ Վրաստանի, Ղազախստանի, Մոլդովայի և Ռուսաստանի մի շարք հիվանդանոցներ նույնպես արգելել են հղի կանանց ուղեկից ունենալ ծննդաբերության ընթացքում, ինչը հակասում է այդ երկրների տեղական կարգավորումներին։
ԱՀԿ-ի՝ համավարակի պայմաններում ծննդօգնության ուղեցույցում նշվում է, որ բոլոր հղի կանայք «իրավունք ունեն արժանանալ բարձրորակ բուժօգնության»։
Ըստ հետաքննության՝ խախտվել են նաև ԱՀԿ ուղեցույցի այլ դրութներ աշխարհի 45 երկրներում:
Եվրասիայում բացահայտված խնդիրներից են՝ կանաց նկատմամբ վերաբերմունքը որպես «մեքենայի», ստիպված «միայնակ» ծննդաբերելը: Ամուսիններին թույլ չեն տվել ներս մտնել:
Ուկրաինացի մի կին ասել է՝ ինքն ու ամուսինը պատրաստ էին ձեռնաշղթաներով կապվել իրար, եթե բժիշկները թույլ չտան ներս մտնել:
Ուկրաինայի մեկ այլ կին նկարագրել է, որ բժշկական անձնակազմը առանց անձնական պաշտպանիչ միջոցների էր շփվում իրենց հետ: Նաև խնդրել են հիգիենիկ միջոցներ գնել և ձեռնոցներ բժիշկների համար: