չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իշխանի ավելի քան 300 000 մանրաձուկ բաց թողնվեց Սեւանա լիճ

Իշխանի ավելի քան 300 000 մանրաձուկ բաց թողնվեց Սեւանա լիճ

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանը Գեղարքունիքի մարզում հետևել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի կողմից հերթական անգամ իրականացվող՝ Սևանի իշխանի գեղարքունի տեսակի 3 գրամ միջին քաշով 62․500 հատ և 240.000 հատ 1,75 գրամ քաշով մանրաձկան բացթողնման աշխատանքներին։
Ինչպես InfoPort.am-ին տեղեկացրին ՇՄ նախարարությունից,մանրաձկան բացթողումն իրականացվել է լիճ թափվող Կարճաղբյուր և Մասրիկ գետերի միջին և ստորին հոսանքներում։

Մանրաձկան բացթողնման աշխատանքներից առաջ Վարդան Մելիքյանը հիմնադրամի ներկայացուցիչների, ոլորտի մասնագետների հետ քննարկել է ձկնապաշարների հաշվառմանն ու անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը վերաբերող հարցեր։ Քննարկման ընթացքում շոշափվել են նաև խեցգետնի պաշարներին առնչվող հարցեր։ Ի թիվս այլ հարցերի անդրադարձ է եղել նաև ապօրինի ձկնորսությանը, որն էապես անդրադառնում է ձկնապաշարների նվազմանը։

Աշխատանքներին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության և «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի աշխատակիցները։

Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Դրա նպատակն է վերականգնել Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը։

  • Կիսվել: