Անընդունելի է «թnւրք», «ռnւս», «քnւրդ», «եզդի», «քոչվոր» ձևակերպումները որպես վիրավnրանք օգտագործելը. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս ընդգծել է ազգային կամ էթնիկ պատկանելության հիմքով խտրական, ատելություն սերմանող, պիտակավորող ու թիրախավորող խոսքի անթույլատրելիությունը։
Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում հանրային խոսույթում նման դրսևորումների շարունակական առկայությունը՝ Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի», «քոչվոր» և այլ համանման ձևակերպումները որպես վիրավորանք կամ անձին ու անձանց խմբին նսեմացնելու, թիրախավորելու միջոց օգտագործելը։ Նույնքան անընդունելի է այնպիսի ձևակերպումների օգտագործումը, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն թիրախավորում են ազգային կամ էթնիկ որևէ խմբի պատկանող անձանց, նպաստում նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքի, անհանդուրժողականության կամ ատելության տարածմանը։
Անձի ազգային կամ էթնիկ պատկանելությունը չի կարող ներկայացվել որպես բացասական հատկանիշ կամ օգտագործվել որևէ մեկին վարկաբեկելու նպատակով։ Նման խոսքը թիրախավորում է հենց համապատասխան ազգային կամ էթնիկ խմբին՝ խորացնելով նրանց նկատմամբ բացասական կարծրատիպերն ու նախապաշարմունքները։
Պաշտպանը վերահաստատում է, որ քաղաքական բանավեճը, տարաձայնությունները կամ որևէ անձի վարքագծի քննադատությունը չեն կարող արդարացնել ազգային կամ էթնիկ պատկանելության հիմքով պիտակավորող, խտրական կամ ատելություն սերմանող ձևակերպումների օգտագործումը։
Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է հանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ պատկանելության հիմքով խտրական, ատելություն սերմանող, պիտակավորող ու թիրախավորող ձևակերպումները։ Հանրային իշխանության ներկայացուցիչները, քաղաքական ու հանրային գործիչները, զանգվածային լրատվության միջոցները և հանրային քննարկումների մյուս մասնակիցները պետք է ակտիվ դերակատարություն ունենան ինչպես նման խոսքը բացառելու, այնպես էլ դրան հակազդելու գործում՝ որպես ուղենիշ ունենալով բազմազանության նկատմամբ հարգանքը, իրավահավասարությունն ու հանրային համերաշխությունը։



