Թեհրանն առայժմ չի պատասխանել Ջեյ Դի Վենսի նամակին
Իրանը դեռևս չի պատասխանել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դյ Վենսի՝ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաիին ուղղված նամակին, հաղորդում է Tasnim-ը։
Գործակալության տվյալներով՝ Թեհրանը պնդում է, որ Վաշինգտոնը կատարի Իրանի յոթ պայմանը, և ցանկացած դիրքորոշում, որը խախտում է իրանական այդ վերջնական մոտեցումը, անընդունելի է։
The Wall Street Journal-ն էլ գրում է, որ նամակ ուղարկելով Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին, Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իսլամական Հանրապետության հետ։
Նամակում ԱՄՆ փոխնախագահն Իրանի ղեկավարությանն առաջարկել է ընտրել ներկայացուցիչներ, որոնք լիազորված կլինեն Վաշինգտոնի հետ քննարկելու Իրանի միջուկային ծրագիրը, հաղորդում է WP -ն՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։
Վերջինիս խոսքով՝ Վենսն ընդգծել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, միաժամանակ հստակեցրել է, որ բանակցություններում պետք է առաջնահերթություն տրվի և՛ ԱՄՆ-ի, և՛ Իրանի ազգային շահերին, և որ Թեհրանի շահերից է բխում պատժամիջոցների ու ռազմական գործողությունների հետևանքով կորուստներ կրած տնտեսության վերականգնումը, ինչպես նաև երկրի ինքնիշխանության պահպանումը:
ԱՄՆ փոխնախագահ Վենսն այն համոզմանն է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի ևս մեկ «հավերժ պատերազմի»։
WP աղբյուրը հավելել է, որ եթե բանակցությունները վերսկսվեն, դրանք, հավանաբար, կանցկացվեն կամ Իսլամաբադում, կամ Դոհայում։



