Իրավապահները հայտնաբերել են այն ատրճանակը, որից արձակված կրակոցից սպանվել է Տիգրան Առաքելյանը
Իրավապահները հայտնաբերել են այն ատրճանակը, որից արձակված կրակոցից հոկտեմբերի լույս 16-ի գիշերը Ազատության պողոտայում սպանվել է ոստիկան Տիգրան Առաքելյանը։ Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանի հաշվեցուցակային ատրճանակը հայտնաբերվել է կասկածյալների բնակության վայրում՝ Պռոշյան գյուղում։
Հիշեցնենք, որ այս գիշեր Ազատության պողոտայում ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում են գործել 2 եղբայրներ, որոնք դեպքից ժամեր առաջ գողություն են կատարել Արաբկիր վարչական շրջանի գեղեցկության սրահներից մեկից։ Հարձակման հետեւանքով ոստիկաններից մեկը զոհվել է, մյուսը վնասվածներ ստացել։
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ոստիկաններ Տ.Առաքելյանին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը, ինչպես նաեւ Ա.Հակոբյանի գլխին հասցված հարվածը պատճառվել են 2003թ. ծնված երիտասարդի կողմից:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: Նրանք եղբայրներ են՝ ծնված 2003 եւ 2001 թթ.: Վերջիններս ձերբակալվել են:
25-ամյա ոստիկան Արմեն Կարենի Հակոբյանի վիճակը բավարար է, նա գտնվում է նեյրովիրաբուժական բաժանմունքում, Primenews.am-ին տեղեկացրեց Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը:
Նրա խոսքով, ոստիկանը բժշկական կենտրոն է տեղափոխվել գլխի գագաթային շրջանում պատռված վերքով, ունի փափուկ հյուսվածքների սալջարդ և գլխուղեղի ցնցում: «Բժիշկներն ասում են, որ մի քանի օրից նա կարող է դուրս գրվել հիվանդանոցից», -ասաց Խաչատրյանը: