երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Իրանի և Հայաստանի միջև կան գիտական և մշակութային շատ ամուր կապեր․Իրանում Հայաստանի դեսպան

Իրանի և Հայաստանի միջև կան գիտական և մշակութային շատ ամուր կապեր․Իրանում Հայաստանի դեսպան

«Հոզե Մաշղ» հրատարակչության նախաձեռնությամբ դեկտեմբերի 5-ին Գոլեստան մշակույթի տանը, տեղի ունեցավ «Հոզե Մաշղ» հրատարակչության «Տարվա գիրք» չորրորդ մրցանակաբաշխությունը՝ Իրանում Հայատանի արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանի և Թեհրանի Հայոց Թեմի Թեմական խորհրդի ներկայացուցիչ' Տեր Մեսրոպ քահանա Ռաթևոսյանի ներկայությամբ:

Միջոցառմանը ներկա էին նաև Գոլեստան մշակույթի տան ղեկավար կազմի ներկայացուցիչը, մի խումբ գրողներ, հետազոտողներ, բանաստեղծներ, հայ և պարսիկ հայրենակիցներ։ Այս մասին հաղորդում է ANA լրատվական գործակալությունը, փոխանցում է parstoday.ir-ը:

Միջոցառման ժամանակ, Իրանի Իսլամական Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ Արսեն Ավագյանը հանդես եկավ ելույթով։ Շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին, դեսպան Ավագյանն ասաց,-«Իրանի և Հայաստանի հարաբերությունները հազարամյակների երկար պատմություն ունեն, երկու պետությունները ոչ միայն հարևան, այլև բարեկամ և եղբայրական պետություններ են, որոնք մշտապես միմյանց աջակցել են հատկապես պատմության ծանր ժամանակներում։ Շատ կարևոր և գնահատելի է, Իրանի Իսլամական Հանրապտության դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության, սահմանների անփոփոխության և այլ տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ։Իսկ Իրանի իսլամական Հանրապետության վերաբերմունքը Իրանահայ համայնքի և հայկական պատմական մշակութային ժառանգության նկատմամբ, օրինակելի է բոլորի համար։Երբ խոսում ենք մեր դարավոր պապերի համագործակցության մասին տարբեր բնագավառներում, այդ կարևոր բնագավառներից հանդիսանում են մշակույթը և գիտությունը»։

Դեսպան Ավագյանը հավելեց,-«Շնորհավորում եմ «Հոզե Մաշղ» հրատարակչությանը, միայն այս տարի մոտ 1500 անուն գիրք հրատարակելու կապակցությամբ և առանձնահատուկ հաճելի է,երբ այդ 1500 գրքերի մեջ տեղ են գտել հայերենից պարսկերեն և պարսկերենից հայերեն թարգմանված գրքերը»։

Իր ելույթում դեսպան Ավագյանը նշեց,որ «Հոզե Մաշղ» հրատարակչության հրատարակած գրքերից են՝ Գրիգորիս Պալաքյանի «Հայ Գողգոթան», Սերո Խանզադյանի «Շուշի», և Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» գրքերը,որոնք պարսկերենի է թարգմանել Նորիկ Մեհրաբյանը։Առանձնահատուկ հիշատակման արժանի է Վահագն Աֆյանի հեղինակած Դիվանագիտական բառարանը»։

Նշենք,որ այս մշակութային միջոցառման ժամանակ տեղի ունեցավ Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աֆյանի հեղինակած «Հայերեն-պարսկերեն և պարսկերեն-հայերեն» դիվանագիտական բառարանի շնորհանդեսը։

Գիրքը տպագրվել է Իրանահայ գործարար և բարերար՝ Հենրիկ Տեր Ղուկասյանի և նրա տիկնոջ՝ Ադրինե Տեր Ղուկասյանի մեկենասությամբ։

Միջոցառման վերջում գնատագրերով պարգևատրվեցին գրողներ, բանաստեղծներ և հետազոտողներ։

  • Կիսվել: