շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանահայերը խտրականության կամ քաղաքական ճնշման չեն ենթարկվում. իրանահայ պատգամավոր

Իրանահայերը խտրականության կամ քաղաքական ճնշման չեն ենթարկվում. իրանահայ պատգամավոր

Իրանի իսլամական խորհրդարանում Թեհրանի և Հյուսիսային իրանահայության ներկայացուցիչն ասել է. «Համարձակորեն կարող եմ ասել, որ Իրանի Սահմանադրությամբ ճանաչված փոքրամասնությունները չունեն որևէ խնդիր։ Ոմանք կարող են մտածել, որ իմ խոսքերը քարոզչություն ու կարգախոս, բայց իրականությունն այն է, որ մենք լիակատար ազատություն ունենք կրոնական և մշակութային հարցերում», գրում է parstoday.ir-ը:

Shafaqna-ին տված հարցազրույցում, Արա Շահվերդյանն ասել է․ «Ես այս մասին հայտարարել եմ նաև Ժնևի Մարդու իրավունքների կոմիտեում։ Ես ասել եմ, որ մենք չենք ենթարկվում խտրականության և քաղաքական ճնշման՝ մեր գործունեությունը դադարեցնելու համար։ Իրանում կա մոտ 400 գործող և ոչ ակտիվ հայկական ու ասորական եկեղեցի։ Որոշ եկեղեցիների չգործելու պատճառը տվյալ տարածքում մարդկանց բացակայությունն է»։

Նա նշել է․ «Արևելյան և Արևմտյան Ատրպատական նահանգներում գտնվող մեր եկեղեցիները, այդ թվում՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցին, գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ում։ Կազմակերպությունը գրանցել է նաև Թադեի վանքի ուխտագնացությունը, ինչը վկայում է այն մասին, թե որքան են Իրանի պաշտոնյաները կարևորում կրոնական վայրերը։ Հակառակ մի շարք երկրների որոնք ոչնչացնում են կրոնական վայրերը, մեր երկրի Մշակութային ժառանգության և զբոսաշրջության նախարարությունը դրանց համար նախատեսում է կոնկրետ բյուջե, ինչը ցույց է տալիս, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հատուկ ուշադրություն է դարձնում այլ հայրենակիցների կրոնական, մշակութային և կրոնական վայրերին»։

Շահվերդյանը հավելել է․ «Հայերն Իրանում ներկա են շուրջ 6 դար և գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում»։

Այցելելով «Հայաթ»-ի տաղավարին, Շահվերդյանն ասաց․ «Իրանում Իսլամական հեղափոխության սկզբից հայերն առանձնահատուկ դեր ու մասնակցություն են ունեցել այս երկրի պատմական բոլոր իրադարձություններում։ Այդ պատմական իրադարձություններից մեկը սրբազան պաշտպանության շրջանն էր (Իրաքի Բաասական վարչակազմի կողմից Իրանի դեմ պարտադրված պատերազմը), որտեղ հայերը ակտիվ մասնակցություն ունեցան, և կրոնական փոքրամասնությունների շարքում մենք ամենաշատ նահատակները նվիրեցինք հեղափոխությանը»։

Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավորը հավելեց. «Նահատակների և անձնուրացների հարցերով հիմնադրամը շատ լավ փոխգործակցություն է ունեցել հայ համայնքի հետ, և անպատասխան չեն մնացել Իրանի փոխնախագահ, նահատակների հիմնադրամի ղեկավար Ղազիզադեհ Հաշեմիից հայ նահատակների ընտանիքների պահանջները»:

  • Կիսվել: