հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ինձ չեն բավարարում այն հիմնավորումները, թե ինչու են միայն մարզի դատավորներին ծանուցել. դատավոր Հովհաննիսյան

Ինձ չեն բավարարում այն հիմնավորումները, թե ինչու են միայն մարզի դատավորներին ծանուցել. դատավոր Հովհաննիսյան

Եթե դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը նախորդի նման եղավ, ապա ես դեմ եմ քվեարկելու, որովհետեւ ես այդ օրակարգին արդեն իսկ դեմ եմ քվեարկել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը:

«Չեմ հասկանում՝ ինչ պետք է լինի, որ ես կողմ քվեարկեմ նրան, ինչին արդեն քվեարկել եմ»,- ասաց Արման Հովհաննիսյանը:

Դիտարկմանը, որ հիմնավորումներ են ներկայացվել դատավորներին, թե ինչու են միայն մարզի դատավորներին ծանուցել, Հովհաննիսյանն արձագանքեց. «Ինձ չեն բավարարում այդ հիմնավորումները: Այդ հիմնավորումները մենք նույնությամբ նախորդ նիստին ենք քննարկել: Այդ հիմնավորումներով հանդերձ օրակարգը չհաստատվեց: Այսինքն՝ եթե հիմնավորումները լինեին բավարար, ապա օրակարգը կհաստատվեր: Եթե նույն օրակարգը պիտի լինի, ապա ինձ համար իսկապես անհասկանալի է:

Կարեւոր է այն, որ տեսնենք արդյո՞ք օրակարգում լինելու է այն հարցը, որ կար հետ կանչելու ինստիտուտը: Ես ունեմ տեղեկություններ, որ չկա, բայց պետք է որ այդ հարցն էլ քննարկենք»:

Նշենք, որ օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցն է։ Այդ նույն օրակարգով սա արդեն երկրորդ ժողովն է: Նախորդ նիստին օրակարգը չէր հաստատվել, քանի որ ԲԴԽ դատավոր անդամի ընտրությանը մասնակցելու համար ծանուցագրեր էին ստացել միայն մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները, թեեւ Խորհրդի դատավոր անդամի ընտրությանը մասնակցելու չափանիշներին համապատախանում էին նաեւ այլ դատավորներ։

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ում դատավոր անդամի թափուր տեղ է առաջացել, քանի որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Վերջինս այժմ Վերաքննիչ հակակոռւուպցիոն դատարանին նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է։

  • Կիսվել: