Ինչու՞ եք անհավասար պայմաններ ստեղծում, մի մասին զինվորական ծառայությունից տարկետում եք տալիս, մի մասին՝ ոչ. Նազարյանը՝ Անդրեասյանին
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում։ Նախագծի քննարկման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ 2018-ից ներդրվել է տարկետման հատուկ կարգ, որով տարկետում են ստանում մեր այն քաղաքացիները, որոնք ուսումնառություն են անցկացնում Շանհայի վարկանիշավորման առաջին 50-յակում գտնվող բուհերից որևէ մեկում։ «Այս իրավունքից օգտվել են ավելի քան 600 ՀՀ քաղաքացիներ, որոնցից 570-ը դեռ շարունակում է ուսումնառությունը, սակայն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն փորձն ու գիտելիքը, որ այնտեղ ձեռք է բերվում՝ չեն վերադառնում ՀՀ և այստեղ չի ծառայում ոչ հանրային ոչ տնտեսական զարգացման օրակարգին։
Առաջարկում է կատարել փոփոխություն, որով տարկետում ստացած քաղաքացիները ուսումն ավարտելուց հետո 3 տարի ՀՀ կառավարության կողմից սահմանված ոլորտում աշխատել են, որից հետո կարող են ազատվել զինվորական ծառայությունից»։
Անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցրեց, թե ինչո՞ւ է կառավարությունը հասարակության մի շատ քիչ տոկոսին, որը ֆինանսական հնարավորություն ունի մեկնելու արտերկիր և սովորելու՝ նրանց արտոնություն տալիս, ու տարկետման հնարավորություն տալիս։ «Իսկ մեր այն երիտասարդները, որոնց հայրերը և քեռիները գումար չունեն արտերկրում նրանց սովորելու ուղարկելու՝ իրենց երեխաները մեկնում են զինվորական ծառայության, ուղիղ դպրոցական նստարանից, նույնիսկ չեն հասցնում կես տարի անգամ սովորել։ Ավելին, հիմա նվեր ենք տալիս նրանց, ասում ենք՝ գաք 3 տարի կաշխատեք բավական լավ տեղերում, որտեղ մնացած երեխեքը չեն կարող աշխատել։ Հիմա հարց, մենք ինչի՞ ենք իրենց այսպես ուզում օգնած լինենք, ո՞րն է պատճառը»,-հարցրեց Նազարյանը։
Անդրեասյանն էլ ասաց, որ համաձայն չէ, որ արտերկրում ուսումնառություն ստացող քաղաքացիները սոցիալական որոշ կատեգորիայի են միայն պատկանում; «Այդպես չի, ես առնվազն ունեմ տեղեկատվություն, որ շատ տարբեր ընտանիքներից են երեխաները մեկնում ուսումնառություն ստանալու, և պետք է հիշեցնեմ, որ արտերկրում բուհերի պարագայում գործում են կրթաթոշակային տարաբնույթ համակարգեր և կան շատ քաղաքացիներ, որոնք սովորում են արտերկրի բուհերում փաստացիորեն օգտվելով կրթաթոշակային այդ համակարգերից և չվճարելով այդ ուսումնառության համար այդ մեծ ծավալի գումարները։
Նազարյանը պնդեց, որ անհավասար պայմաններ են ստեղծվում, մի մասին տարկետում են տալիս ու թույլ են տալիս, որ գնան սովորեն, չգիտես ինչու, ինչ սկզբունքով ընտրված է այդ 50 բուհերում։ «Եկեք այդ 50 բուհերում ընդգրկենք նաև Հայաստանի Հանրապետության բուհերը և բոլորին դնենք հավասար պայմանների մեջ։ Անհավասար պայմաններ, տարբերակում ինչու ենք դնում»։
Անդրեասյանն ասաց, որ եթե, օրինակ, մեր երիտասարդը ընդունվում է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, ապա օգտվում է տարկետման նույն հնարավորությունից։ «Սա, ըստ էության, նշանակում է, որ պետությունը ոչ թե տարբերակված քաղաքականություն է վարում, այլ պետությունը փորձում է ձևավորված գիտելիքներն ու հմտությունները նպատակային օգտագործելու հնարավորություններ ստեղծել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ պետք է մարդկանց գիտելիքներն ու հմտությունները ճիշտ օգտագործել։


