ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ինչու՞ են երեխայի պղծմանը մասնակցություն ունեցած քրեական այսպես կոչված կեղծ հեղինակությունները շարունակում ապրել ազատության մեջ. Կոստանյան

Ինչու՞ են երեխայի պղծմանը մասնակցություն ունեցած քրեական այսպես կոչված կեղծ հեղինակությունները շարունակում ապրել ազատության մեջ. Կոստանյան

ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է 6-7-ամյա երեխային սեռական բռնության ենթարկելու մասին: 

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Հարգելի՛ քաղաքացիներ, ինչպես նաև իրավապահ համակարգի պատասխանատուներ,

Այսօր քաղաքական խառն ու բուռն իրադարձությունների ֆոնին մեր երկրում առօրյա քաղաքացիական խնդիրները ետին՝ հարյուրերորդական պլան են մղվում։ Խոսելու եմ մի սարսափելի իրողությունից, որ մասին բարձրաձայնել եմ դեռևս ընթացիկ տարվա սկզբին։

2016-ին այն ժամանակ 6-7-ամյա տղա երեխան պարբերաբար ենթարկվել է սեռական բռնության։ Հարցուվել էր երկու քրեական գործ՝ մեկը 2016-ին և 2019-ին՝ բռնությունը կրկնվելուց հետո, որը սույն թվականի հունվար ամսին դեռևս գտնվում էր նախաքննության փուլում։

2017-ի հունիսի 26-ին Փորձաքննության ազգային բյուրոյի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի ամբուլատոր զննության և ուսումնասիրության հաշվետվության արդյունքներով՝ երեխային սեռական բռնության ենթարկելու հանգամանքը ՉԻ ԲԱՌԱՑՎԵԼ, ավելին, հստակ նշվել է, որ երեխայի մոտ ի հայտ են եկել ֆիզիկական այնպիսի ձևափոխումներ, որոնք կարող էին առաջանալ նրան պարբերաբար սեռական ոտնձգությունների ենթարկելու հետևանքով։ Սա թերևս միակ այն հանգամանքն է, որից կառչելով պետք է հնարավոր լիներ բացահայտել այս սարսափելի դեպքը։

2019-թվականին կարճվել է 2016-ի քրեական գործը՝ հանցակազմի բացակայության անհեթեթ պատճառաբանությամբ։ Դատահոգեբանական փորձաքննության արդյունում արձանագրվել է, որ երեխան ադեկվատ է և նրա խոսքերը հավաստի են։

Քանի որ խոսքը հատկապես մանկահասակ երեխայի մասին է, փորձել եմ գնալ քրեական գործի հետքերով՝ հնարավորինս ծանոթացել մանրամասներին, հանդիպել Մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ, կես տարի առաջ Երևան քաղաքի դատախազ, այժմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանին։ Բոլորը միաձայն ընդունում են, որ նման սարսափելի գործերը պետք է բացվեն, բայց․․․ Ինչպես միշտ, չգիտեմ, թե ինչպես է ստացվում, Հայաստանում բավարար հանցակազմերի բացակայության պատճառով գործերը կարճվում են։

Ստացվում է՝ մանկահասակ տուժած երեխան՝ բռնության ենթարկվելով, շարունակում է ապրել հոգեբանորեն ճնշված վիճակում՝ փակի տակ, իսկ կեղծ արդարադատությունն այսօր շարունակում է չբացահայտել կամ կոծկել կամ միամիտ քողարկել տասնամյա երեխայի ողբերգական դեպքը։

Հոգեբանական ծանր վիճակով պայմանավորված, նաև իրավապահ համակարգի հանդեպ ի սպառ կորցնելով վստահությունը, երեխայի մայրը մի քանի ամիս առաջ հրաժարվեց երկրորդ քրգործի քննությունից։

Այսքանից հետո էլ ընդունված ո՞ր կոնվենցիան կարող է օգնել բացահայտել նմանօրինակ ահասարսուռ դեպքերը, երբ երեխայի ճակատագիր է խեղվել, երբ մորն ու երեխային պարբերաբար ահաբեկել են, ճնշումներ գործադրել, որպեսզի չշարունակի պահանջել արդարությունը։

Ինչու՞ է մինչև հիմա Հայաստանում իրավապահ համակարգը շարունակում գործել նախկին տրամաբանությամբ, ինչու՞ են քրեական այսպես կոչված կեղծ հեղինակությունները, ովքեր մասնակցություն են ունեցել երեխայի պղծմանը, շարունակում հանգիստ ապրել ազատության մեջ, իսկ 27-ամյա մայրն արդարության հաստատման ամենօրյա տառապանքով, հոգեպես բանտված է, 10-ամյա երեխան, ինքնամեկուսացած, տարանջատված տարեկիցներից, կորցնում է իր իր գունավոր մանկությունը, զրկվում պատանեկության պայծառ օրերն անցկացնելու հնարավորությունից և իրավունքից։

Այսպիսի՞ն է արդարադատությունը Հայաստանում, այսպես են մարդու իրավունքները գերակա այս Հայաստանում, այսպե՞ս է բարեփոխվել իրավապահ համակարգը, այսպե՞ս է ապահովված մանուկների անվտանգությունը մեր երկրում։

Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ երեխայի մայրը, վստահ է, որ մանկապղծությունը կոծկվում է, քանի որ իրավապահ համակարգի օղակներում կան պաշտոնյաներ, ովքեր ըստ երևույթին հմտորեն խոչընդոտել են գործի բացահայտմանը։ Եվ եթե իրոք ունենք քաղաքացիների շահերը պաշտպանող իրավապահ համակարգ, ապա անկախ երեխայի մոր կողմից քրեական գործի քննության հրաժարվելու հանգամանքից, այն պետք է մինչև վերջ քննվեր, ինչը չի արվել։

Անկախ նրանից, թե ովքեր են առնչվել այս գործին, թե ովքեր են մասնագիտորեն կոծկել հանցագործների բացահայտումը, ԱԺ պատգամավորի լիազորություններից բխող բոլոր գործիքակազմերն օգտագործելու եմ, որպեսզի օր առաջ բացահայտվեն ազատությունը վայելող և հավանաբար նոր հանցագործություններ իրականացնող՝ մարդ կոչվելու իրավունքը կորցրած սուբյեկտները՛՛։

  • Կիսվել: