երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Ինչու՞ է լռում CPS-ը

Ինչու՞ է լռում CPS-ը

Էկոնոմիկայի նախարարությունը խուսափում է գաղտնազերծել այն ընկերության անունը, որը, ըստ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, միացել է ադրբեջանական բենզին վաճառող ընկերությունների շարքին։ 

InfoPort.am-ի հարցմանն ի պատասխան՝ Նախարարությունում նշեցին, որ չեն կարող հայտնել տվյալ ընկերության անունը, քանզի չունեն նրա համաձայնությունը։ «Եթե տվյալ ընկերությունը ցանկանա, անձամբ կհայտնի այն մասին, որ ադրբեջանական վառելիք է վաճառում։ Մենք առանց ընկերության համաձայնության իրավասու չենք հրապարակել նրա անվանումը»,- հայտնեցին նախարարությունից։

Ինչևէ, վառելիքի շուկային մոտ կանգնած InfoPort.am-ի աղբյուրները հայտնեցին, որ նախարար Գևորգ Պապոյանի ակնարկած ընկերութոյւոնը՝ CPS-ն է։ Մինչդեռ InfoPort.am-ի հարցմանն ի պատասխան CPS ընկերության մի աշխատակցուհի, որը չցանկացավ ներկայանալ, փորձեց հավաստել, որ իրենց ընկերության բենզալցակայաններում վաճառվում է միայն բարձրորակ ռուսական և եվրոպական բենզին։ Այդուհանդերձ, ընկերության տնօրինության պաշտոնական պատասխանը թեմայի շուրջ ստանալու համար նա առաջարկեց ուղարկել գրավոր հարցում, որի պատասխանը կայքը այդպես էլ չստացավ։ Թե որն է ադրբեջանական բենզին վաճառելու հարցի շուրջ CPS-ի նման խորհրդապահական լռության պատճառը, մնում է կռահել։

Չնայած դրան՝ սույն տեղեկատվության ճշմարտացիությունը անուղղակի հաստատել է  Մրցակցության պետական հանձնաժողովի խոսնակ Անի Սմբատյանը, լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան նշելով, որ Հանձնաժողովը կուսումնասիրի այն փաստը, թե ինչու է CPS-ն ադրբեջանական բենզինը վաճառում ավելի թանկ քան այլ ցանցեր։

Միևնույն ժամանակ InfoPort.am-ի հարցումներից պարզ դարձավ, որ այս օրերին ադրբեջանական բենզինի նոր խմբաքանակ Հայաստան չի ներմուծվել։ Պետեկամուտների կոմիտեից InfoPort.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ այս պահի դրությամբ Հայաստան է ներմուծվել ադրբեջանական վառելիքի մեկ խմբաքանակ, որի մասին հայտարարվել էր դեռ նախորդ տարեվերջին։ Այդ խմբաքանակը, ինչպես հայտնի է ներմուծել էին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Մեգա թրեյդ» ընկերությունը, որին պատկանում է Ran Oil ապրանքանիշի բենզալցակայանների ցանցը և գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքի հետ աֆիլացված «Շիշա ուորլդ» ընկերությունը, որը հիմնադրվել է 2022 թվականին և գործունեություն է ծավալել ծխախոտային ոլորտում։ Մինչ անցած տարեվերջին ադրբեջանական բենզինի ներմուծումը տվյալ ընկերությունը վառելիքի շուկայում գործունեություն չի ծավալել։

Այս դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչ բենզին է վաճառվում CPS-ի բենզալցակայաններում։ Վառելիքի շուկային մոտ կանգնած InfoPort.am-ի աղբյուրները հայտնեցին, որ CPS-ը ներկայումս վերավաճառում է Սամվել Ալեքսանյանի ընտանիքի հետ աֆիլացված «Շիշա ուորլդ» ընկերությունից գնած ադրբեջանական բենզինը, սակայն հասկանալի պատճառներով ավելի թանկ, քան դա անում է Ran Oil բենզալցակայանների ցանցը։ Եվ էկոնոմիկայի նախարարի ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարը, որով նա «ավետում» է բենզինի գների անկման մասին մինչև 420-430դրամ, վերաբերելի է միայն Ran Oil բենզալցակայանների ցանցին։ Մնացյալ այլ ցանցերում բենզինը վաճառվում է 470-490 դրամով՝ անկախ նրա ծագման հանգամանքից։

 

  • Կիսվել: